Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է, որ Պուտինի օգնականը Դոնբասում քննարկել է ռազմական գործողությունների վերսկսումը


Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկով

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկով

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը փետրվարին երկու անգամ այցելել է Դոնբաս և քննարկել ռազմական ակտիվ գործողությունները վերսկսելու հարցը, հայտարարում է ուկրաինական հետախուզությունը։

Սուրկովի այցի հիմնական նպատակը «Ուկրաինայի արևելքում հետագա զարգացումներին վերաբերող, այդ տարածքներում հետագա գործողությունների շուրջ Կրեմլի ցուցումներն ու որոշումները տեղ հասցնելն է»,- «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Սկիբիցկիի խոսքերով, բացի այդ՝ Սուրկովի այցի ընթացքում ակտիվորեն քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կառույցների մասնակցությամբ ուկրաինական տարածքներում իրավիճակը ապակայունացնելու հարցը՝ առաջին հերթին Խարկովի, Զապարոժիեի շրջաններում։ Ուկրաինացի պաշտոնյան նաև ասել է, որ հենց ռուսաստանցի պաշտոնյաների այցերով է պայմանավորված երկրի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացումը։

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փետրվարի 17-ին հայտարարել է, որ տեղեկություն ունեն Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ կատարած այցերի մասին՝ փետրվարի 16-ին և հունվարի 19-20-ը։ Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել այդ հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG