Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյանը պնդում է, թե առանձնապես ոգևորված չեն նախարարական պաշտոններ ստանալու գաղափարից, բայց երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու այլ ճանապարհ չեն տեսնում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հավաստմամբ, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներն իրարից անջատելով, բյուջեն նոր ծախսերի տակ չի ընկնի: Ընդհակառակը, Դաշնակցությանը տրվելիք երկու նախարարությունները «գործելու են փոխկապակցված, ինչի արդյունքում շահելու է երկիրը»:

«Մենք ունենք շատ լուրջ հարց` կապված տնտեսությունը առաջ մղելու, արագընթաց զարգացնելու, մի քանի գլխավոր հարցեր լուծելու հետ: Առաջինը՝ տեղական արտադրողի խրախուսում, ներդրումների խրախուսում և արտահանման խրախուսում: Սրանք իրար հետ եթե դիտեք, կտեսնեք, որ շատ ճիշտ տեղում են գտնվելու մեր նախարարները: Եվ իրար հետ փոխհամագործակցաբար, նաև դրսի ներուժն օգտագործելով, տարածքներն էլ պետք է զարգանան, և դրանից էկոնոմիկան էլ կշահի: Մենք էսօր խնդիր ունենք եկամուտներն ավելացնելու հետ կապված, և այն, ինչ որ մենք անում ենք, նպաստելու է եկամուտների ավելացմանը»,- այսօր խորհրդարանում պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:

«Ազատության» հարցին՝ մի՞թե Հանրապետականը չգիտեր թվարկված խնդիրները լուծելու ձևը, Ռուստամյանն արձագանքեց՝ «Հանրապետականն էլ գիտեր, բոլորն էլ գիտեին, բայց մենք էլ մերը գիտենք: Այսինքն, մենք էլ գիտենք՝ ինչ անենք, ինչպես անենք, փորձ ունենք կուտակած, էդ ամեն ինչը չենք ասում պարզապես օդ տատանելու համար: Դաշնակցությունն էն փորձառու կառույցն է, որ մինչև չհաշվարկի, երբեք քայլեր չի կատարի: Նաև, անկախ նրանից, որ էս բոլոր քննադատությունները մեզ էսօր բացարձակապես ձեռնտու չեն ընտրություններից առաջ, մենք դրան գնում ենք, որովհետև հասկանում ենք՝ կարևոր է երկիրն այս վիճակից դուրս բերելը»:

«Ազատության» հաջորդ հարցին՝ կկարողանա՞ք ապացուցել, որ այն, ինչ հիմա արվում է, հանուն պաշտոնների չէ, Ռուստամյանը պատասխանեց՝ «Դա արդյունքներով է ապացուցվում, հիմա ինչ ուզում են, թող խոսեն: Դրանք բոլորն անցողիկ են, օդի տատանում են: Եթե մենք արդյունք ցույց չտանք, այո, կլինենք պատասխանատու և մեր ասածների համար կկրենք համապատասխան պատասխանատվություն: Բայց մենք վստահ ենք, որ ճիշտ կառավարում իրականացնելու պարագայում, մենք ունենք, երկիրը, պետությունը, հայությունը ունի ռեսուրս՝ էս վիճակից դուրս գալու համար»:

Ինչ վերաբերում է դրական արդյունքների ապահովման կոնկրետ ժամկետներին, դրա առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց․ - «Աստված հաջողի՝ շատ արագ կարելի է անել, բայց երբ, ինչ ժամկետներում, ես հիմա չեմ կարող ասել»:

Արմեն Ռուստամյանը պնդում է, թե առանձնապես ոգևորված չեն նախարարական պաշտոններ ստանալու գաղափարից, քանի որ հասկանում են, թե ինչ ծանր բեռի տակ են մտնում: Բայց երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու այլ ճանապարհ չեն տեսնում:

Այսօր մի շարք ընդդիմադիր պատգամավորներ իրենց ելույթներում քննադատեցին իշխող Հանրապետականին ու Դաշնակցությանը՝ նշելով, թե քաղաքական գործարքի գնալով, նրանք իրար մեջ ընդամենը պաշտոններ են բաժանում: Հիշեցնենք՝ մոտ մեկուկես տարի առաջ Տարածքային կառավարման նախարարությունը միավորվեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, իսկ ավելի վաղ, դաշնակցականների հիշեցմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվեց կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրի» համար:

Հարցը խորհրդարանում ներկայացնող՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նախարարություններ ստեղծելը, իրար միացնելն ու անջատելը նորմալ է համարում:

«Եղել են իրավիճակներ, և տարբեր երկրների փորձը վկայում է, որ նույնիսկ մեկ տարվա կամ երկու տարվա մեջ 12 նախարարություններ բաժանվել են և ստեղծվել են 30 նախարարություններ: Օրինակ՝ Իսրայելի փորձը կարող եք ուսումնասիրել և էսպես շարունակ: Միայն մեզ մոտ չէ, որ էսպիսի հարցադրումներ են առաջանում»,- բացատրեց արդարադատության նախարարը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտների տարանջատումը ճիշտ որոշում է համարում հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ յուրովի բացատրելով այն, որ այդ երկու նախարարությունները միմյանց հետ կապ չունեն՝ «որտեղ գուբերնատորները, որտեղ պաժառնիկները․․․»:

Իսկ «ավանդական կուսակցության» հետ համագործակցությունը հանրապետական Սարոյանը ողջունում է, ընդգծելով՝ Դաշնակցությունը հին կուսակցություն է, թող վերցնի պատասխանատվություն, գուցե նոր բան են մտածել: Իսկ եթե համագործակցությունը չստացվի՝ կրկին կբաժանվեն: «Որ մարդ ու կնիկ պսակվում են, որ լավ չի ստացվում՝ բաժանվում են, ճի՞շտ ա․․․»,- պատկերավոր համեմատություն արեց Սարոյանը:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է «Թոխմախի Մհեր» մականունով, նախ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ապա անցավ հայհոյանքների:

XS
SM
MD
LG