Մատչելիության հղումներ

Հայաստանյան արտադրանքի արտահանումը Բելառուս «տարեցտարի ավելանալու է»


Միխայիլ Ամելյանովիչն ու Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիսում: 16-ը փետրվարի, 2016 թ․

Միխայիլ Ամելյանովիչն ու Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիսում: 16-ը փետրվարի, 2016 թ․

«Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Բելառուսում բոլոր ուղղություններով ցուցանիշներն աճում են», - այսօր Երևանում հայտարարեց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը: Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, հակառակն է վկայում:

Էկոնոմիկայի՝ առայժմ գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն այսօր չմեկնաբանեց՝ չնայած Դաշնակցության ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ իշխող Հանրապետականի հետ պայմանավորվածությամբ իրենց տրվող երեք նախարարություններից մեկը հենց Էկոնոմիկայի նախարարությունն է:

Էկոնոմիկայի նախարարը Հայ-բելառուսական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստից հետո, մասնակցելով մի շարք համաձայնագրերի ստորագրմանը, նախընտրեց խոսել միայն երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին․ - «Խորացումը տնտեսական հարաբերությունների երկուստեք կարևորվեց: Կարևորվեց հատկապես էներգետիկայի բնագավառում, տրանսպորտի բնագավառում և գյուղատնտեսության բնագավառում: Մենք ունենք առևտրաշրջանառության անկում, բայց հատկանշական է մեկ բան, որ անկումը, օրինակ, Բելառուսի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այն ապրանքների գծով է, որոնք երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետությունով եկել են Հայաստան»:

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) գոյության առաջին տարում արձանագրել է երեք տոկոս տնտեսական անկում:

Չարդարացան սպասելիքները, որ ԵՏՄ մտնելուց հետո նոր շուկաներ են բացվելու․ նախորդ տարի ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է: Տնտեսական աճի ցուցանիշները ևս վատթարացել են: Անցած տարի Հայաստանն ունեցել է 3․5 տոկոս տնտեսական աճ, սակայն այս տարի ԵՏՄ-ն կանխատեսում է դրա մոտ կեսը՝ 1.6 տոկոս:

Վիճակն առավել վատ է Բելառուսում, որտեղ նախորդ տարի արձանագրվել է 3.8 տոկոս տնտեսական անկում՝ մի փոքր ավելի շատ, քան ԵՏՄ հիմնադիր Ռուսաստանի Դաշնությունում:

Չնայած պաշտոնական թվերին՝ Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց, որ իրենց մոտ ԵՏՄ մտնելուց հետո տնտեսությունն աճել է․ - «Բելառուսի Հանրապետության ցուցանիշները չեն վատացել, միտումը դեպի բոլոր ցուցանիշների աճն է: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Բելառուսում բոլոր ուղղություններով ցուցանիշներն աճում են»:

Ամելյանովիչը նշեց, թե «տնտեսական կապերը խորանում են»․ - «Արդեն հայ ֆերմերներին է փոխանցվել բելառուսական 250 տրակտոր»: Նա նաև ողջունեց Հայաստանից ապրանքների ներկրումը․ - «Կոնյակ, գինի, գյուղատնտեսական ապրանքներ: Մենք այսօր որոշեցինք, որ հայկական արտադրության ապրանքների ներմուծման ծավալները տարեցտարի ավելանալու են»:

Բելառուսցի գործընկերոջ հետ հանդիպումից անմիջապես հետո Էկոնոմիկայի նախարարը հեռացավ՝ խուսափելով լրագրողների հարցերից:

XS
SM
MD
LG