Մատչելիության հղումներ

logo-print

Անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին անակնկալ խոստովանություն է արել


Ռոնդա Ռոուսին տոնում է հերթական հաղթանակը, արխիվ

Ռոնդա Ռոուսին տոնում է հերթական հաղթանակը, արխիվ

Աշխարհահռչակ մարզուհի Ռոնդա Ռոուսին, ով մարզվում է Կալիֆորնիայի «Հայաստան» և «Գլենդել» ակումբներում, վերջերս նորից հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նա խոստովանել էր, որ իր կրած առաջին պարտությունից հետո փորձել է ինքնասպան լինել:

Ռոնդա Ռոուսին Ultimate Fighting Championship (UFC) խառը մարտարվեստի ակումբի անկրկնելի մարզուհի է, ԱՄՆ-ի հավաքականի ձյուդո մարտարվեստի առաջին կին օլիմպիական չեմպիոնը, տաղանդավոր դերասանուհի և Sports Illustrated ամսագրի մոդել: Ռոնդան մարզվում է Կալիֆորնիայում գտնվող՝ Գոքոր Չիվիչյանի «Հայաստան» խառը մարտարվեստի ակումբում և Էդմոնդ Թարվերդյանի «Գլենդել» մարտական ակումբում:

Մինչև 2015 թվականի դեկտեմբեր ամիսը UFC-ի չափանիշներով Ռոնդան համարվում էր թիվ մեկ կին մարզիկը աշխարհում: 2015 թվականի նոյեմբերին, ի զարմանս սպորտի բոլոր սիրահարների և փորձագետների, անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին Հոլլի Հոլմսի հետ մարտում կրեց իր առաջին պարտությունը:

Ռոնդայի պարտությունը անսպասելի էր թե՛ նրա երկրպագուների և թե՛ հենց մարզիկի համար:

Երեքշաբթի օրը առաջին անգամ Ռոնդա Ռոուսին պատմել է պարտության հետևանքների և իր զգացմունքների մասին․ - «Նստած էի հիվանդասենյակում և մտածում էի ինքնասպանություն գործելու մասին: Այդ պահին մտածում էի, որ այլևս ոչ մի դեր չունեմ աշխարհում, չգիտեի, թե ինչ պետք է անեի»:

Ռոնդայի հայրը ինքնասպանություն է գործել, երբ դուստրը ընդամենը ութ տարեկան էր: Եվ նույն իրավիճակից իրեն դուրս բերելու համար Ռոնդան շնորհակալություն է հայտնել ընկերոջը․ - «Հուսահատության պահին ես վեր նայեցի և տեսա իմ առջև կանգնած Թրեյվիսին: Ես մտածեցի, որ դեռ պետք է ողջ մնամ և այս տղամարդուն երեխաներ պարգևեմ»:

29-ամյա մարզուհու խոսքով, Հոլլի Հոլմսի հետ մարտի ժամանակ ինքը բավականին հոգնած է եղել, քանի որ ինը ամիսների ընթացքում երեք անգամ պաշտպանել էր չեմպիոնի գոտին: Ռոուսին հույս ունի, որ Հոլմսը ի վիճակի կլինի պահպանել չեմպիոնի տիտղոսը Միշա Տատեի հետ առաջիկա մարտի ժամանակ, քանի որ հենց ինքն է ուզում լինել այն մարզիկը, ով Հոլլիից կվերցնի իր կորցրած գոտին:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռոնդա Ռոուսին նույնպես այցելել էր Երևան: Նա իր հարգանքի տուրքն էր մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել էր System of a Down խմբի համերգին և բաց պարապմունք անցկացրել սպորտի սիրահարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG