Մատչելիության հղումներ

Գիրք նվիրելու օրը «արդեն ազգային տոնի է վերածվում»


Գրքի տոնավաճառ Երևանում, արխիվ

Գրքի տոնավաճառ Երևանում, արխիվ

Մեր ժամանակներում հրաշալի գրքեր են հրատարակվում, և յուրաքանչյուրը կարող է փայլուն գրադարան հավաքել, ընդգծում է մշակույթի նախարարության պաշտոնյան:

Մոտ մեկ տասնամյակ է, Գրողների միության նախաձեռնությամբ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հռչակելով, աստիճանաբար ավանդույթ ձևավորվեց գիրք գնելու և միմյանց նվիրելու:

Հրատարակչություններն էլ անմիջապես ներքաշվեցին այս գործընթացի մեջ, և ահա ամեն տարի այս օրերին՝ փետրվարի 18-20-ը, անցկացնում են գրական տոնավաճառ Խնկո-Ապոր գրադարանում՝ ներկայացնելով և վաճառքի հանելով իրենց գրարտադրության տեսականին առավել մատչելի և զեղչված գներով:

Իհարկե, գոնե այս գրադարանում գերակշռում է մանկապատանեկան գրականությունը:

Ուշագրավ է, որ մշակույթի նախարարության և Գրահրատարակիչների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցող մանկապատանեկան գրքի տոնավաճառը տարեցտարի առավել մեծ թվով ընթերցասերների է համախմբում:

Մշակույթի նախարարության հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ այս օրը մի շարք միջոցառումներ են տեղի ունենում գրեթե բոլոր գրադարաններում և գրախանութներում, նաև, իհարկե, սա մի հարմար առիթ է, որ բոլորովին նոր հրատարակված գրքեր, կամ էլ մարդկանց անձնական գրադարաններից գրքեր մեծ խմբաքանակով նվիրեն մարզային դպրոցներին ու գրադարաններին:

«Ահա, տեսնում եք, Խնկո-Ապոր գրադարանում եռօրյա ցուցահանդես-տոնավաճառ է, մանկական գրքերն են որտեղ հատկապես ներկայացվում: Այս իմաստով, արդեն ազգային տոնի է վերածվում Գիրք նվիրելու օրը, ինչը շատ ուրախալի է, որովհետև մարդկանց ուշադրությունը հրավիրվում է դեպի գիրքը, ուղղորդվում է», - ասաց Ավանեսյանը:

«Ինքը Թումանյանը շատ էր սիրում գրքերը տալ, նվիրում էր, և գրքերը մարդիկ տանում էին՝ չէին վերադարձնում, Թումանյանը տալիս էր, որպեսզի կարդան, վերադարձնեն: Եվ մի օր բարկացած՝ իր գրապահարանի վրա մեծ թղթի վրա գրում է՝ «Էլ ինձանից գիրք չխնդրեք», - պատմեց մշակույթի նախարարության հրատարակչական բաժնի պետը:

«Մեր ժամանակներում հրաշալի գրքեր են հրատարակվում, և ամեն մեկը կարող է շատ փայլուն, իր ճաշակով, գրադարան հավաքել և գիտենալ, որ տանը ունի ոչ-նյութական արժեք՝ նյութի տեսքով ոչ-նյութական արժեք, մեծ արժեք, այո: Եվ սա էն դեպքերից է, երբ Աստվածաշնչում ասում են՝ «Մի՛ դիզիր հարստություն երկրի երեսին»․ սա ոչ-երկրային հարստություն է», - ասաց Արմեն Ավանեսյանը:

XS
SM
MD
LG