Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ի գործադիր մարմինը քննարկել է ՀՅԴ-ի հետ համաձայնության հիմնական կետերը


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Իշխող կուսակցության խոսնակը քննադատությանը հակադարձում է՝ ընդդիմադիր ՀԱԿ-ն էլ Դաշնակցության հետ համագործակցության փորձեր արել է:

Հանրապետականը (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստին հինգշաբթի երեկոյան քննարկել է Դաշնակցության հետ համագործակցության հուշագրի նախագիծը։ Ըստ իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ հաջորդ շաբաթ արդեն հավանաբար այն կստորագրվի։

«Կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են համաձայնության հետ կապված հիմնական կետերը, առաջարկություններ են ներկայացրել, այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ առաջարկությունները, և մյուս շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, վերջնական հուշագրի տեքստը կլինի, և մենք կունենանք արդեն ստորագրված համաձայնություն՝ քաղաքական համագործակցության հետ կապված», - ասաց Հանրապետականի խոսնակը:

Փաստաթուղթը կստանա «Քաղաքական համագործակցության հուշագիր Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև» անունը։ Շարմազանովը չի կարծում, թե դրա ստորագրումը ձգձգվում է, ասում է՝ հնարավոր չէ մեկ, երկու օրում երկարատև համագործակցության մասին փաստաթուղթ մշակել ու ստորագրել։

«Համագործակցությունը Հայ հեղափոխական դաշնակցության և Հայաստանի հանրապետական կուսակցության մեջ՝ ինքը զուտ մեխանիկական պաշտոնների բաշխման համագործակցություն չէ, դա երկարատև ծրագրային համագործակցություն է, որի հիմքում Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահն է: Դեռ կա ժամանակ, մենք յուրաքանչյուրս եթե ունենանք առաջարկ, իսկ ես կարծում եմ՝ կլինեն առաջարկներ այդ տեքստի հետ կապված, կտանք այդ առաջարկները, և այնուհետև մյուս շաբաթվա ընթացքում կողմերը կգան վերջնական համաձայնության», - նշեց իշխող կուսակցության խոսնակը:

Արձագանքելով Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատությանը Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է՝ ՀԱԿ-ն էլ փորձեր արել է համագործակցել դաշնակցականների հետ, մասնավորապես՝ քառյակի շրջանակում:

«[Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն] Տեր-Պետրոսյանը քաղաքական վերադարձի ժամանակ առաջինը այցելեց Հանրապետության փողոց, որտեղ գտնվում է Դաշնակցության գլխավոր կենտրոնակայանը, կենտրոնական գրասենյակը: Դրանից հետո տարիներ անց նույն Տեր-Պետրոսյանը, խոսելով Դաշնակցության հետ իրենց համագործակցության մասին, վկայակոչեց և քաղաքական հրապարակ նետեց «Հրաշալի քառյակ» [արտահայտությունը] ․․․», - ասաց Հանրապետականի խոսնակը:

XS
SM
MD
LG