Մատչելիության հղումներ

Ուրիշի փոխարեն քվեարկելու համար ևս երկու քրեական գործ ուղարկվել է դատարան


ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Կ. Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06 ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամին, ներկայացրել նշված ընտրատեղամասի ընտրող Ռ. Բերեզովսկու տվյալներով կեղծ անձնագիր, ընտրատեղամասի ընտրողների մատյանում ստորագրել վերջինիս անվան դիմաց, ստացել քվեաթերթիկը և գցել քվեատուփը՝ այդպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ավարտվել է նաև թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա. Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված, նույն բնակարանում հաշվառված Ա. և Կ. Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա. Գրիգորյանը չի հասցրել այլ անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:

Ա. Գրիգորյանին ևս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:

Երկու քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել են դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG