Մատչելիության հղումներ

ՀԲ-ի 30 միլիոն դոլար վարկը կտրամադրվի Հայկական ատոմակայանին ու Երևանի ջերմաէլեկտրակայանին


Կառավարությունն այսօրվա որոշմամբ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ), «Նաիրիտ»-ի ու Վանաձորի քիմիական գործարանի կուտակած պարտքերը դրեց հարկատուներին ուսերին:

Գործադիրը հավանության արժանացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առաջարկը Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլար վարկ վերցնելու և այն Հայկական ատոմակայանին ու Երևանի ջերմաէլեկտրակայանին տրամադրելու մասին:

«Որը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներով, ինչպես նաև «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» ընկերություններին տրամադրված փոխառություններով», - պարզաբանեց նախարարը:

Ինչպես և նախորդ նիստերին, այսօր էլ կառավարության անդամներից որևէ մեկը չառարկեց կամ հարց չբարձրացրեց: Փոխարենը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այս ամենն արվում է Հայաստանի էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման նպատակով, և այսուհետ խստորեն հետևելու են, որպեսզի լրացուցիչ պարտքեր չառաջանան․ - «Պայմանները շատ լավն են․․․ Բայց ամեն դեպքում մենք վարկ ենք վերցնում նախկինում կուտակած պրոբլեմները լուծելու համար»:

ՀԷՑ-ի շուրջ ամիսներ առաջ կրքերը թեժացան, երբ պարզվեց, որ ռուսաստանյան Интер РАО-ին պատկանող և բաշխիչ ոլորտում մենաշնորհ ունեցող այդ ընկերությունը հաջողացրել է կուտակել ավելի քան հարյուր միլիարդ դրամի պարտք՝ միաժամանակ ճոխ ծախսեր կատարելով ու վարձակալելով թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ: Երվանդ Զախարյանն անգամ պնդեց՝ ՀԷՑ-ում եղել է նաև գողություն:

Այսօր կառավարության նիստից հետո նախարարը այդպես էլ հստակ պատասխան չտվեց հարցին՝ եթե պարտքն առաջացել է այն պատճառով, որ ՀԷՑ-ը չի վճարել ստացած էլեկտրաէներգիայի դիմաց, ինչո՞ւ պետք է Հայաստանի հարկատուները մարեն այն:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ «Ազատությանը» ներկայացրած պարզաբանման համաձայն, 2015 թվականի վերջին ՀԷՑ-ը 22.4 միլիարդ դրամ ժամկետանց պարտք է ունեցել պետական մասնակցությամբ ընկերություններին, ինչը ստիպել է էներգետիկ համակարգի պետական ընկերություններին վերցնել կարճաժամկետ վարկեր: Դրանք վերակառուցելու նպատակով կառավարությունը այժմ ավելի ցածր՝ տարեկան 1.5 տոկոսով ու 30 տարի ժամկետով (որից 14 տարին արտոնյալ ժամանակահատված է) Համաշխարհային բանկից վերցնելու է 30 միլիոն դոլար վարկ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, ստացվում է, որ ՀԷՑ-ի չվճարումների պատճառով, եթե նախկինում Հայկական ատոմակայանն ու Երևանի ՋԷԿ-ն էին հայտնվել վարկերի տակ, ապա այժմ այդ վարկերի բեռը փոխանցվեց Հայաստանի հարկատուներին:

«Անցած տարի ամառվանից բարձրաձայնում էին, ներկայացնում էին, որ տեսեք, նոր սեփականատիրոջ հետ կառավարությունը սոցիալապես անապահով խավերին, սկզբում նաև ազգաբնակչությանը փոխհատուցում էր․․․ Այս փոխհատուցման գինն է: Որ ասում են՝ անվճար պանիրը լինում է միայն թակարդում, այդպես է: Եվ այս ամեն ինչը պետք է դուրս գա մեզնից, մեր գրպանից պետք է տանեն սա: Ուղղակի օրը ցերեկով գողություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG