Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, յուրաքանչյուր երկրորդ բազմաբնակարան շենքի տանիքին կարելի է տեսնել 1-3 հարկանի կցակառույց՝ հարակից շինություններով, անգամ բակերով:

Ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը պնդում է՝ քաղաքային իշխանությունները թեև ունեն դրանք քանդելու լիազորություն և անգամ այդ նպատակով բյուջեում հատուկ գումար են նախատեսել, բայց աչք են փակում:

«Յուրաքանչյուր շենք որոշակի հարկայնության համար է սարքվում, հետո ինչպե՞ս է լինում, որ շենքի գլխին էսպիսի կառույցներ են հայտնվում։ Սա խոսում է այն մասին, որ ամեն ինչ սկսվում է նրանից՝ նայած ով է... մեկի դեպքում, եթե չեն ուզում, կասեն՝ մինչև բնակիչների թույլտվությունը չլինի, չենք տա, մի ուրիշի դեպքում, եթե ուզում են տալ, սուսուփուս կազմակերպում են դա»,- ասաց ավագանու անդամը։

Քաղաքապետարանից փոխանցեցին, որ «Ազատության» մատնանշած կցակառույցների հիմնական մասը Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին չի կառուցվել, միաժամանակ այդպես էլ չպատասխանեցին հարցումներին, թե քանի՞ այդպիսի թույլտվություն է ինքը՝ Տարոն Մարգարյանը տվել, քանի՞ ապօրինի կցակառույց է նրա օրոք քանդվել կամ քանդվելու:

Համեմատելով թվերն ու իրական պատկերը՝ Բախշյանը թերահավատ է, թե քաղաքի կենտրոնում որևէ կցակառույց կքանդվի.- «Էս կենտրոնում ոչ մեկն էլ չի քանդվի, որովհետև պատահական մարդիկ կենտրոնի տանիքում չէին կարող շինարարություն անել»։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը վստահ է՝ ոչ միայն վտանգված է շենքերի սեյսմակայունությունը, այլև խախտված է դրանց արտաքին տեսքը:

Ապօրինի շինարարությունների դեմ պայքարող ակտիվիստ Վարդան Գերավետյանն ասում է՝ բնակիչները մեղավոր չեն, շատերը քաղաքապետարանից օրինական թույլտվություն են ստացել շենքի տեսքն աղավաղելու համար:

«Տվյալ սեփականատերերը, իմ կարծիքով, վերջին մեղավորներն են էդ շարքում։ Հիմա եթե նայենք, էս դիմացի շենքի վրա մի ամբողջ հարկ խոյանում է վերև, եթե նայենք մեկ այլ հատվածում, որը ուղիղ Մաշտոցի պողոտայի վրա է, տեսնում ենք, որ հերիք չէ մի հարկանի, նաև երկրորդ հարկն են այնտեղ բարձրացել։ Սա միայն Մաշտոցի պողոտայի խնդիրը չէ, ամբողջ քաղաքում է այդպես»,- ասաց ակտիվիստը։

Արդեն տասը տարուց ավելի պայքարող Գերավետյանը հիշեցնում է իշխանությունների փաստարկները, թե հին Երևանի շենքերը պետք էր քանդել, քանի որ խարխուլ են: Շենքերի սեյմակայունությամբ մտահոգ քաղաքապետարանին դիմելով՝ ակտիվիստը կոչ է անում առավել ուշադիր նայել դեռ Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերի վրա մեկը մյուսի վրա բարձրացող հարկերին։

«Հասարակության և պետության կարիքների խնդիրն է սա, որ քաղաքը տեսքի բերվի։ Ով թույլ է տվել, նրա հաշվին, ոչ թե կառուցողի, պետք է այս ամեն ինչը ապամոնտաժել և կոմպենսացնել այդ մարդու կորուստները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG