Մատչելիության հղումներ

Հաղարծինցիների պարտքերը գյուղի խանութին օրեցօր աճում են


Տավուշի մարզի Հաղարծին գյուղի խանութպան, 67-ամյա Վերգուշ Ստեփանյանը «նիսյա տետրակների» մի ամբողջ տրցակ ունի:

«Ավելի շատ ա պարտքի գումարը, քան թե խանութի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Վերգուշը:

Նա համագյուղացիներին առաջարկում է մարման համար վարկ վերցնել կամ գյուղապետարանից օգնություն ստանալ․ - «Ես տանը ստանոք ունե՞մ, որ փողը տպեմ, բերեմ ժողովրդին բաժանեմ․․․ Այսքան ապրանքը նոր են բերել, 300 հազար դրամի ա, իսկ տետրում ինչքան էր գրած․․․ Ինչո՞վ հարկայինին հարկ տամ»:

Հաղարծինում բնակչության մեկ երրորդը նպաստառու է․ մարդիկ հիմնականում թոշակն ու նպաստները ստանալու օրերին են մարում խանութի պարտքերը, կամ գոնե դրանց մի մասը:

Չմշակվող, անջրդի հողեր ունեցող գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Շատերը, սակայն, մեկնում են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստան:

Գյուղամիջում հավաքված տղամարդիկ այս տարի կամուկացի մեջ են․ լսել են, որ Ռուսաստանում էլ լավ չէ:

«Գնում ա Ռուսաստան, փող ա աշխատում, գալի, ստեղ ձեռիցը կիսից ավել խլում են տանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

«Թոշակը առնում եմ, էս գազի-մազի փողն եմ տալի, լույսի փողն եմ տալի: Հաց ուտում եմ: Սերժի ուղարկած հացը չեմ ուտում, նա ինձ չի հասնըմ: Պուտինինն ա հասնըմ», - կեսկատակ ասաց մեկ այլ հաղարծինցի:

«Փոխանակ գյուղերին ֆինանսավորեն, անտոկոս վարկեր տան, մարդիկ աշխատեն, իրանց հողերը մշակեն...», - սրտնեղեց երրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG