Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն Բաքվում քննարկել է ԼՂ հարցը և «Բաքու-Թբիլիսի-Կարս»-ի շինարարության ընթացքը


Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու, արխիվ

«Լեռնային Ղարաբաղի խնդրում Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են միևնույն մոտեցումը որդեգրել»,- այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այսօր Բաքվում պետք է կայանար «Ադրբեջան- Թուրքիա ռազմավարական համագործակցության» խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանելու նաև Թուրքիայի նախագահը: Սակայն Ռեջեպ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մի քանի ժամ անց հայտարարեց իր այցի հետաձգման մասին:

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը որոշակիորեն ազդեց նաև այսօր Բաքվում կայացած բանակցությունների օրակարգի վրա: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօր տեղի ունեցած քննարկումների մասին Չավուշօղլուն նշել է. - «Ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ադրբեջանի ժողովրդի, ադրբեջանական ղեկավարության հետ մենք որևէ տարաձայնություն չունենք»:

Չավուշօղլուի հարավկովկասյան շրջագայության մյուս առանցքային թեման Հայաստանը շրջանցող «Բաքու-Թբիլիսի Կարս» երկաթուղու ճակատագիրն էր:

«Հույս ունենք, որ «Բաքու-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև այս տարեվերջ»,- իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս թեման չշրջանցեց նաև երեկ Թբիլիսիում կայացած բանակցությունների ժամանակ: Հարկ է նկատել, որ Վրաստանում կայացած այդ բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ընդգծում էին՝ երկկողմ վրաց-թուրքական համագործակցության հիմքը հենց համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերն են:

«Մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացնում: Բաթումի օդանավակայանը, օրինակ, Թուրքիան և Վրաստանը համատեղ են օգտագործում, ինչը խորհրդանշական է: Գործում են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» խողովակաշարերը: Այս տարի ավարտին կհասցվի նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի միմյանց կապել Լոնդոնը և Պեկինը»,- Վրաստանում հայտարարել է Չավուշօղլուն:

Վրաստանի հետ հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական` Չավուշօղլուն իր վրաց գործընկերներին նաև խոստացավ անել ամեն ինչ` Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր դարձնելու համար:

«Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիոն ձգտումները մենք միանշանակորեն պաշտպանում ենք: Կարող եք վստահ լինել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի` այս տարվա հուլիսին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան Վրաստանի անդամակցության հարցը բարձրաձայնելու է ամենակոշտ ձևաչափում»,- Թբիլիսիում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

XS
SM
MD
LG