Մատչելիության հղումներ

Տոնոյանը Վիեննայում խոսել է ՀՀ-ի նոր՝ «Սանձահարման-զսպման» հայեցակարգի մասին


Դավիթ Տոնոյան, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, արխիվ

Դավիթ Տոնոյան, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, արխիվ

Նախկին՝ «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգը «հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական»՝ քաջալերելով նրա կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունները, իր ելույթում նշել է պաշտպանության փոխնախարարը:

Փետրվարի 16-ից 17-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Սեմինարին հանդես գալով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները լուսաբանող ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, մասնավորապես, նշեց. - «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ:

Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական: Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ:

Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»:

Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր»,- նշված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG