Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երևանի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը: Այդ մասին այսօր հայտնում է ՀՔԾ-ն:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Ավագյանը հանրաքվեի օրը՝ ժամը 14-ի սահմաններում, նկատել է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բջջային հեռախոսով Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը: «Սերգեյ Ավագյանը տեղեկանալով, որ Գոհար Աբրահամյանը տեսանկարահանմամբ արձանագրում է քաղաքացիներ Նինա Մակարյանի և նրա հարևանուհի Աշխեն Խալաֆյանի հայտարարությունը՝ վերջինիս դստեր Տաթևիկ Հարությունյանի Հայաստանից բացակայելու և նրա փոխարեն այլ անձի կողմից քվեարկած լինելու վերաբերյալ, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, տեղամասի նախագահը մոտեցել և Գոհար Աբրահամյանի ձեռքից խլել է բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունների իրականացմանը: Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի [ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը] 1-ին մասով», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ փետրվարի 15-ին հաղորդագրություն էր տարածել հանրաքվեի թիվ 4/05 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործը գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար ուղարկելու մասին:

ՀՔԾ-ն տեղեկացնում է նաև, որ հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով փետրվարի 18-ի դրությամբ ծառայությունում քննվել է 33 քրեական գործ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11-ը կարճվել է, 1-ը կասեցվել է, 2-ը ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ մնացած 15-ից 4-ով 4 անձ ներգրավել է որպես մեղադրյալ:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG