Մատչելիության հղումներ

Թեհրանը սկսել է քայլեր ձեռնարկել հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ


Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին պատասխանում է լրագրողների հարցերին, 18-ը փետրվարի, 2016թ.

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին պատասխանում է լրագրողների հարցերին, 18-ը փետրվարի, 2016թ.

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վստահեցնում է՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կանդրադառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարեց՝ առաջիկայում Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու համար:

«Հայ-իրանական երկաթգծի հետ կապված պետք է նշել, որ Հայաստանի տրանսպորտի և կապի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցել են այդ հարցի շուրջ, և մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից մասնագետների պատվիրակություն է այցելելու Հայաստան՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու համար»,- ասաց դեսպանը։

Հունվարին Թեհրանում էր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այցից հետո «Ազատությանը» փոխանցեց, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ:

Երկաթուղու մասով Բեգլարյանը մանրամասնեց՝ իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ, և փաստորեն այս տարբերակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու են նաև իրանցի մասնագետները:

Փետրվարի սկզբին Ազգային ժողովում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց՝ Իրանի հետ բանակցություններ են տարվում գազի գնման շուրջ՝ ընդգծելով, որ «Գազպրոմ»-ին տրված մենաշնորհը վերաբերում է միայն Ռուսաստանից գազ գնելուն:

Այսօր Իրանի դեսպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ բանակցությունների արդյունքում ստացվելիք գազն օգտագործվելու է միայն Իրան էլեկտրաէներգիա փոխանցելո՞ւ համար, թե՞ հնարավոր է, որ գազը մատակարարվի նաև Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին:

«Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը, և փորձելու ենք ընդլայնել համագործակցությունը այդ փաստաթղթի շրջանակում: Այս պահի դրությամբ համագործակցում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում: Անշուշտ, եթե ապագայում որոշումներ կայացվեն, այդ մասին ձեզ կտեղեկացնենք»,- պատասխանեց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպանը նաև վստահեցրեց՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կանդրադառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա, և «առաջիկայում ականատես կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը»:

XS
SM
MD
LG