Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության նիստում այսօր հաստատվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորից բաժանելու առաջարկը և ուղարկվեց Ազգային ժողով՝ արտահերթ քննարկման։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիմնավորեց, թե մեկուկես տարի առաջ միավորված նախարարությունը առանձնացնում են՝ քաղաքական համագործակցության համար․ - «Հարգելի գործընկերներ, քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն: Համապատասխան փոփոխություններն առաջարկվում են կառավարության կառուցվածքի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու միջոցով: Խնդրում եմ հաստատել»:

Դաշնակցությունը հաստատում է, որ այս որոշման արդյունքում տարածքային կառավարման նախարարի պորտֆելն իրենց է տրվելու։ Այնուամենայնիվ, առավոտյան նիստին ներկայացված պաշտոնական հիմնավորման մեջ քաղաքական համագործակցության մասին որևէ ակնարկ չկար, գործադիրը օրվա առաջին կեսին պնդում էր, որ այս քայլով կառավարման համակարգն առավել արդյունավետ կդառնա: Ժամեր անց, սակայն, կառավարության կայքում տեղադրվեց նոր հիմնավորում, որի համաձայն երկու նախարարություն է ստեղծվում քաղաքական համագործակցության պատճառով:

Օրենքի փոփոխության առաջարկը վաղը Ազգային ժողովում արտահերթ կքննարկվի, ընդունումից հետո Հայաստանը կունենա արդեն 19 նախարարություն։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է՝ դեռ ամիսներ առաջ՝ անցյալ տարեվերջին, կառավարությունը խոսում էր օպտիմալացման մասին, վարչապետ Աբրահամյանը վստահեցնում էր, թե կրճատելու են կառավարության կազմը՝ բյուջեի միջոցները խնայելու համար։ Մինչդեռ հիմա, ըստ Սաֆարյանի, անում են ճիշտ հակառակը․ - «Եթե օգտագործվում է օպտիմալացում բառը, ապա ճիշտ հակառակ պրոցեսը պետք է տեղի ունենար՝ մենք ունենայինք անգամ նախարարությունների թվաքանակի կրճատում, աշխատակազմերի կրճատում, և թերևս այդ դեպքում մենք կարող էինք օգտագործել օպտիմալացում բառը: Բայց այս պարագայում մենք ուղղակի գործ ունենք Սերժ Սարգսյանի և Հրանտ Մարգարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ»:

Բյուջեի սղության պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար մեկի փոխարեն նորից երկու նախարարություն ստեղծել՝ հարցին կառավարության անդամներից որևէ մեկն այսօր չանդրադարձավ, այդ մասին չխոսեց նաև իշխող Հանրապետականի խոսնակը։

Թե ի՞նչ փոփոխություններ են բերելու դաշնակցական նախարարներն այս ոլորտներում՝ առայժմ չի նշվում: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատահական չի համարում, որ կուսակցությունը հենց այդ պորտֆելներն է նախընտրել․ - «Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխանության մեջ ներկայացված լինելու համար ստիպված է ունենալ որոշակի լծակներ, որոնք նրան քվեներ կապահովեն: Մենք անգամ տեսնում ենք ոչ պատահականորեն ընտրված նախարարություններ՝ Տարածքային կառավարում, որը գործ ունի Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների, տարածքների հետ, որտեղ Դաշնակցությունը կարող է ամրապնդել իր դիրքերը քվեներ ապահովելու առումով: Երկրորդը՝ Կրթության նախարարությունը, որը նույնպես, ըստ էության, ընտրական պրոցեսներում ամենամեծ ներգրավվածություն ունեցող հաստատություններից մեկն է»:

XS
SM
MD
LG