Մատչելիության հղումներ

Հիվանդանոց տեղափոխված ԱԺ նախագահի «ինքնազգացողությունը լավ է»


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արխիվ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արխիվ:

«Քայլում է, խոսում է, հումորներ է անում», - փոխանցեց խորհրդարանի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը:

Զարկերակային բարձր ճնշմամբ երեկ երեկոյան հիվանդանոց տեղափոխված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շարունակում է բուժումը Բժշկական համալսարանի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում:

Արսեն Բաբայանը պատմեց, որ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան․ - «[Հիվանդանոցում] Հետազոտություններն անցնելուց հետո նկատվել է ճնշման կտրուկ տատանում, որից հետ նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, և ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»:

«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հիմա գտնվում է նորմալ վիճակում: Ամեն ինչ նորմալ է, հետազոտությունների արդյունքները նորմալ են, ստանում է դեղորայքային բուժում», - ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Հիվանդանոցում ԱԺ նախագահին այցելել էին նրա երկու տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը:

«Փառք Աստծո, ապաքինվում է պարոն Սահակյանը: Հուսով ենք, շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», - Սահակյանին տեսակցելուց հետո ասաց Շարմազանովը:

«Կարծում եմ, որ շատ անհանգստանալու բան չկա: Բժիշկների հսկողության տակ է: Հուսով եմ, որ շատ շուտ կապաքինվի», - հավելեց Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG