Մատչելիության հղումներ

Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 18-ը փետրվարի, 2016թ․
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 18-ը փետրվարի, 2016թ․

Արմեն Ռուստամյանը նշում է նաև երկու ուժերի մշակած փաստաթղթի անվանումը, այն կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակցության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ, սա արդեն առաջին, էսպես ասած՝ մեր համագործակցության արտահայտություններն են, և էդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց Արմեն Ռուսամյանը: Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուսատամյանը պատասխանեց՝ «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացեց, մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»: Դրանում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»:

«Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես՝ կոալիցիոն, ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության:

Գլխավոր հարցն, իհարկե, Սահմանադրությունը կյանքի կոչելն է: Եվ այն քաղաքական օրակարգերը, որ մինչև հիմա հռչակվել են մեր կողմից՝ Դաշնակցության, Հանրապետականի․․․ և վերջին հայեցակարգային ելույթը, որ ունեցավ նախագահը, դրանում, ըստ էության, արտացոլված էին նաև մեր կարևորած հիմնական խնդիրները, ունենալու են գրեթե բոլոր ոլորտներին առնչվող հաստատումներ՝ մեր ներքին և արտաքին կյանքին առնչվող: Եվ էդ համագործակցության դաշտն ընդգրկելու է ամբողջ այդ շրջանը:

Այս իմաստով, համաձայնագիրը հեռանկարային բնույթ է ունենալու, ապագային միտված, և կարծում եմ՝ հրապարակվելուց հետո բոլորի համար պարզ կդառնա, որ խոսքն իսկապես լուրջ քաղաքական գաղափարական հիմքի վրա ձևավորվող համագործակցության մասին է»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:

«Ազատություն»․ - Հաճախ հետևյալն հարցն է հնչում՝ ի՞նչ է փոխվելու, որի շնորհիվ Հանրապետականը պատրաստակամ է դառնալու՝ գնալ արմատական փոփոխությունների ճանապարհով: Երկար տարիներ նրանք իշխանության ղեկին են և կարող էին փորձել լուծել եղած խնդիրները:

Արմեն Ռուստամյան ․- Նախ, շատ բան է փոխվել, կապված այն բանի հետ, որ մենք արդեն ունենք սահմանադրական նոր կարգ և դրանից բխող նոր լուծումների հնարավորություն: Այսինքն՝ առաջացել են իրական նախադրյալներ: Այն հարցերը, որոնք կարևորվել են մինչև հիմա և չեն լուծվել, դրանք լուծելու իրավական դաշտ է առաջացել: Սա է մեզ տալիս հնարավորություն, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի արդեն կոնկրետ գործողությունների միջոցով: Դրան գումարվի քաղաքական կամք և համապատասխան ներուժ:

«Ազատություն»․ - Այսինքն՝ դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ Հանրապետականը պատրաստակամ է՝ առաջ ընթանալ և քայլեր անել ձեր մատնանշած խնդիրների լուծման ուղղությամբ և իսկապես ինչ-որ բան փոխել:

Արմեն Ռուստամյան ․- Համաձայնագրի իմաստը հենց դա է:

«Ազատություն»․ - Դա չի՞ մնա թղթի վրա:

Արմեն Ռուստամյան ․- Չէ: Նախ, ամեն ինչ սկսվում է բառերից, ցանկություններից: Մնացածը մեզնից է կախված, որպեսզի մենք դրանք իրականություն դարձնենք: Հիմա արդեն հանրությանը հրապարակավ արտահայտելով, պատրաստակամություն և հանձնառություն ստանձնելով, էդ ամենը չանել՝ դա ուղղակի անլուրջ կլինի որևէ քաղաքական ուժի համար: Հատկապես՝ Դաշնակցության, որը պատասխան է տալիս ոչ թե 20 - 25 տարվա, այլ 125 տարվա համար: Եվ մենք գիտենք այդ պատասխանատվության գինը, նշանակությունը և խոսքի արժեքը:

«Ազատություն»․ - Իսկ ե՞րբ հանրությունն արդեն կկարողանա ծանոթանալ փաստաթղթին, ե՞րբ այն կհրապարակվի:

Արմեն Ռուստամյան ․- Երբ որ հրապարակվի, այն ժամանակ էլ կծանոթանա: Օրերի խնդիր է, կարծում եմ՝ մոտակա ժամանակում արդեն կհրապարակվի: Ամենայն հավանականությամբ՝ մյուս շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG