Մատչելիության հղումներ

logo-print

Ռուս-թուրքական ֆուտբոլային սկանդալ՝ Պուտինի նկարի պատճառով


Թուրքիա - Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը «Ֆեներբահչե»-ի հետ խաղից հետո ցույց է տալիս Պուտինի նկարով շապիկը, Ստամբուլ, 16-ը փետրվարի, 2016թ․

Թուրքիա - Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը «Ֆեներբահչե»-ի հետ խաղից հետո ցույց է տալիս Պուտինի նկարով շապիկը, Ստամբուլ, 16-ը փետրվարի, 2016թ․

Ռուս-թուրքական ֆուտբոլային հանդիպումը ուղեկցվել է Պուտինի նկարով և քարկոծումներով:

Եվրոպայի լիգայի մրցաշարում Ստամբուլի «Ֆեներբահչե»-ն փետրվարի 16-ին հյուրընկալել էր Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին: Ռուս-թուրքական լարված հարաբերությունների պատճառով կանխատեսելի էր, որ Ստամբուլի մարզադաշտում լարվածություն կլինի, և ոստիկանությունը այնտեղ ուժեղ հսկողություն էր սահմանել: Չնայած դրան՝ միջադեպից խուսափել չհաջողվեց: Մարզադաշտի մոտ թուրք ֆուտբոլասերները քարեր և շշեր են նետել մոսկովյան ակումբին տեղափոխող ավտոբուսի վրա: Տուժածներ չկան, ոստիկանությունը ցրել է թուրք ֆուտբոլասերներին, որոնցից երեքը ձերբակալվել են: «Լոկոմոտիվ»-ը պարտվել է՝ երկու անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

Հանդիպումից հետո «Լոկոմոտիվ»-ի խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Դմիտրի Տարասովը, հանել է մարզաշապիկը, որի տակի շապիկի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարն էր՝ նավաստու համազգեստով, «պիլոտկա» կոչվող գլխարկով, ինչպես նաև ռուսերենով գրված էր՝ «Ամենաքաղաքավարի նախագահը»: Այս արարքի համար ՈւԵՖԱ-ն կարող է պատժել ռուսական ակումբին: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը միջադեպը վարույթ է ընդունել, հարցը քննարկվելու է հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:

28-ամյա Տարասովը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի, մասնավորապես՝ որակազրկվի, չմասնակցի 8-10 խաղի:

«Լոկոմոտիվ» ակումբը ևս դատապարտել է խաղացողի արարքը՝ այն որակելով անթույլատրելի:

Ավելի ուշ Դմիտրի Տարասովը, ռուսական R-Sport-ի հետ զրույցում պարզաբանելով իր արարքը, ասել է․ - «Նա իմ նախագահն է, ես հարգում եմ նրան և որոշել եմ ցուցադրել, որ պատրաստ եմ աջակցել նրան՝ որտեղ էլ լինեմ: Այն, ինչ ցանկացել եմ ասել, գրված էր շապիկիս վրա»:

Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր մարմնի անդամ, Պետդումայի պատգամավոր Իգոր Լեբեդևը R-Sport-ում քննադատել է Տարասովի արարքը՝ այն որակելով «հիմար ժեստ»: «Ես նրան հարգում եմ որպես ֆուտբոլիստի, բայց նման մակարդակի մարդու համար այդպիսի գործողությունները անթույլատրելի են: Հայրենասիրությունը շապիկներով և նկարներով չեն ցուցադրում», - ասել է նա:

Իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը Gazeta.ru կայքին ասել է, թե ֆուտբոլիստը ոչ մի սարսափելի բան չի արել: Նրա խոսքով՝ այդ պատմությունը «հոտած ձու անգամ չարժե»: Կոլոսկովը նշել է, որ Տարասովի շապիկի վրա քաղաքական ոչ մի կարգախոս չի եղել, և առաջարկել է․ - «Խնդրեմ, «Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիստները կարող են Մոսկվա գալ՝ կրելով Թուրքիայի նախագահի պատկերով մարզազգեստներ»:

Պատասխան հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելու է փետրվարի 25-ին:

XS
SM
MD
LG