Մատչելիության հղումներ

logo-print

Ամասիացի ընտրակեղծարարն ասում է՝ վարկով կվճարի դատարանի նշանակած տուգանքը


Էմիլ Եֆրեմով

Էմիլ Եֆրեմով

Ամասիայի բնակիչ Էմիլ Եֆրեմովը սահմանադրական հանրաքվեին իր փաստացի բնակության վայրը թողել, ոտքով Գյումրի է հասել` ուրիշի փոխարեն քվեարկելու համար:

Ընտրակեղծարարն այսօր դատարանում ընդունեց մեղքը՝ պնդելով, թե իրականում չգիտեր, որ արգելվում է այլ մարդու փոխարեն քվեարկել:

«Ուղղակի չգիտեի, որ չի կարելի»,- «Ազատությանն» ասաց նա.- «Ամասիայից ոտքով եմ եկել»։ Ամասիայի և Գյումրիի միջև հեռավորությունն, ի դեպ, 23 կմ է։

Նիստն ընթացավ երևանյան դատերի սցենարով, ամբաստանյալը կրկին միջնորդեց արագացված կարգով քննություն անցկացնել` առանց դեպքի մանրամասները պարզելու: Մեղադրողն էլ միջնորդեց օրենքով նախատեսված նվազագույն պատիժը սահմանել` 600 հազար դրամ տուգանք՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, բացի այդ կան մեղմացուցիչ հանգամանքներ։

«Իմ պաշտպանյալը զղջացել է իր կատարածի համար, նախաքննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունքներ, օգնել է բացահայտելու օբյեկտիվ ճշմարտությունը։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ միջնորդում եմ իմ պաշտպանյալի համար սահմանել մեղմ պատիժ, հաշվի առեք նաև նրա ընտանեկան և նյութական վիճակը»,- ասաց Եֆրեմովի փաստաբանը։

Վերջին խոսքում ամբաստանյալն ասաց, որ զղջում է արածի համար ու մեղմ պատիժ ակնկալում դատարանից.- «Խնդրում եմ դատարանին վերաբերվել որքան հնարավոր է մեղմ»։

Դատարանը վճռեց Եֆրեմին տուգանել 600 հազար դրամով։

Երկու ժամ տևած դատավարության ավարտին ընտրակեղծարարը «Ազատության» հետ զրույցում խոստովանեց, որ տուգանքը վճարելու համար գումար չունի, ստիպված վարկ է վերցնելու:

Շիրակի մարզում հանրաքվեի վերաբերյալ դատարան է մտել քրեական 4 գործ, բոլորն էլ ուրիշի փոխարեն քվեարկելու մեղադրանքներով:

XS
SM
MD
LG