Մատչելիության հղումներ

Հարուցվել է ևս մեկ քրգործ՝ ԵՄ-ի դրամաշնորհից հափշտակություն կատարելու դեպքով


Եվրամիության փաստաթուղթ, արխիվ
Եվրամիության փաստաթուղթ, արխիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրը և ներկայացվել ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակ, որն իրականացնելու համար ստացել են դրամաշնորհ: Դրանից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Եվրոպական Միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին, հարցաքննվել են մի շարք վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ հունվարի 29-ին ևս Քննչական կոմիտեն հաղորդել էր ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհից խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքով հարուցված մեկ այլ քրգործի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG