Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ երիտասարդի ականջը կտրելու փաստով. կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

«Նախնական քննության տվյալներով՝ երեկ ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակով կտրել է 22-ամյա երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է արնանման հետքի չորս նմուշ: Մարմնական վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

«Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է, 23 տարեկան։ Վերջինս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով փետրվարի 16-ին ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ», - ասում է կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG