Մատչելիության հղումներ

«Դոլմամայի» գործով պատասխանող կողմը, ում հարկադրում են թողնել 18 տարվա բիզնեսն ու հեռանալ տարածքից, այսօր ևս միջնորդություններ ներկայացրեց։ Դրանք քննարկելու համար դատավորն այս անգամ էլ նիստը հետաձգեց՝ որոշելու՝ «Դոլմամայի» տարածքը գնահատելու նոր փորձաքննություն կնշանակի՞, թե ոչ։ Երեկվա դատին «Դոլմամայի» սեփականատիրոջ փաստաբանը կասկածի տակ էր դրել նախկինում արված եզրակացությունը, ըստ որի ռեստորանը քանդելու դիմաց առաջարկում են մոտ 130 հազար դոլար։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասում է՝ վստահ չեն, որ անգամ նոր փորձաքննության դեպքում տարածքի դիմաց փոխհատուցումը համարժեք կլինի հին Երևանից մնացած եզակի կառույցներից մեկի իրական գնին, բայց պաշտպանության այլ միջոցներ չունեն. օրենսդրությունն արգելում է վիճարկել հանրային գերակա շահ ճանաչելու` կառավարության որոշումը, թեև համոզված են. այստեղ ամենևին հանրային շահ չկա։

«Կառավարության որոշման մեջ գրած է` հին և խարխուլ շենքերը քանդելու... ես այնտեղ չեմ տեսնում հին և խարխուլ շենք: Այսինքն, ստացվում է, որ մի սեփականատիրոջից վերցնում-տալիս են մյուս սեփականատիրոջը, ինչն անթույլատրելի է», - ասում է փաստաբանը:

Չնայած դատարանում վիճարկում են փոխհատուցման չափը, «Դոլմամայի» տերերը պնդում են` տարածքը ոչ մի դեպքում չեն զիջի «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի սեփականատիրոջ` գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս վճռական է. - «Մեր վրա կառավարությունը դրել է իրացման գործընթաց իրականացնելու պարտականություն: Մեզ հանձնարարված է կառավարության որոշումը կատարել ընդամենը»:

Դեռևս 2008-ին Երևանի սրտում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա շահ: Տարածքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին, ծրագրում է այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցներից մինչև բնակելի շենքեր:

Այստեղ գործող «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ և կառուցապատողի միջև ընթացող երկարատև դատական պրոցեսը դեռ չավարտված` անցած շաբաթ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարեց, թե «Դոլմաման» չի քանդվելու, կառուցապատման ծրագրում նախատեսված է այն պահպանել։ Սակայն, դրանից հետո էլ տարածքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը չի հրաժարվում ռեստորանատիրոջ նկատմամբ իր պահանջից։

XS
SM
MD
LG