Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու նախաձեռնություններին միավորվել Ընտրական օրենսգրքի շուրջ և համատեղ առաջարկներ ներկայացնել իշխանությանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է նոր պլատֆորմի թիվ մեկ պահանջը դարձնել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։

«Երկրի խնդիրները, հիմնական չարիքները բոլորդ գիտեք․ կոռումպացված քաղաքական համակարգն է, ընդհանրապես՝ կոռուպցիան, մոնոպոլիզացիան, որը խեղդում է մեր տնտեսությունը, և բազմաթիվ այլ խնդիրներ: Ոչ մի բան երկրում չի փոխվի, եթե չփոխվի այս բոլոր չարիքների գլխավոր աղբյուրը կամ գլխավոր չարիքը, այն է, որ այսօր Հայաստանը ի վիճակի չէ կամ այդ կարողությունը չունի ազատ և արդար ընտրություններով ձևավորել իշխանություն», - ասում է Լևոն Զուրաբյանը:

Իշխանության ներկայացուցիչները բազմիցս են պնդել, թե ընտրություններին քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվության գաղտնազերծումը ընդունված պրակտիկա չէ, իրենք էլ չեն պատրաստվում այդ քայլին գնալ։ Ընտրական օրենսգրքի մշակմանը մասնակցող Հրայր Թովմասյանը News.am-ի հետ զրույցում երեկ պնդել է՝ եթե աշխարհը սահմանել է, որ ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, ուրեմն ինչ-որ բան մտածել է դրա մասին:

Զուրաբյանը հակադարձում է՝ այդ պրակտիկան կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ինչը նշված է անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեի վերաբերյալ վերջին զեկույցում․ - «Հիմա պարզվում է, որ պառլամենտարիզմի և դեմոկրատիայի օրրան Միացյալ Թագավորությունը սա կիրառում է, իսկ ահա Հայաստանը՝ չգիտես ինչու, չգիտես ում եզրակացությունների պատճառով, պետք է հրաժարվի մի կարևոր գործիքից, որը իսկապես կարող է երաշխավորել ընտրությունների ազատությունը և արդարությունը»:

Ըստ Զուրաբյանի, այս հարցում իրենք նաև առաջին անգամ զգում են միջազգային հանրության աջակցությունը, հետևաբար, եթե ընդդիմադիրներին հաջողվի համատեղ պլատֆորմ ստեղծել, շանսեր ունեն զիջումներ կորզել իշխող կուսակցությունից:

Կմիանա՞ն արդյոք ՀԱԿ-ի պահանջին խորհրդարանական մյուս ընդդիմադիրները․ Լևոն Զուրաբյանն առայժմ վստահ է, որ ունեն «Ժառանգության» լիակատար աջակցությունը․ - «Քննարկվել է ՕԵԿ-ի խմբակցության ղեկավարի հետ, հարցը քննարկվել է ոտքի վրա նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Մեծ հաշվով, մենք տեսնում ենք, որ բարենպաստ է վիճակը: Դաշնակներից ուղղակի լավ բան արդեն չենք սպասում»:

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ինչպես ՀԱԿ-ը, այդպես էլ ԲՀԿ-ն ունի իր առաջարկները, «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ են քննարկել օպտիմալ առաջարկներ՝ փակելու Ընտրական օրենսգրքի այն սողանցքները, որոնք անօրինական միջամտությունների հնարավորություն են տալիս․ - «Դեմ չենք ընտրացուցակների հրապարակմանը: Ի վերջո՝ բազմաթիվ երկրներում դա կիրառելի պրակտիկա է: Խնդիրը մենք քննարկել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ: Իրենք ասում են, որ, իհարկե, դա ձեր որոշելիքն է, բայց Վենետիկի հանձնաժողովը դա համարում է մարդու իրավունքների խախտում: Բայց «Բարգավաճ Հայաստանը» այդ տարբերակն էլ է պատրաստ քննարկելու: Ես կարծում եմ՝ կարևորը, որ մենք կարողանանք գալ կոնսենսուսի: Կկարողանա՞նք՝ լավ, չե՞նք կարողանա՝ «Բարգավաճ Հայաստանն» իր առաջարկների փաթեթը ունի»:

Մինչև միասնական պահանջի պլատֆորմի ստեղծումը ՀԱԿ-ը մյուս ընդդիմադիրների հետ այլ հարցում կհամագործակցի. մարտի 1-ի հանրահավաքը կանցկացնեն «Նոր Հայաստան» ճակատի հետ: Առաջարկը հնչեցրել էր «Նոր Հայաստանը», օրեր առաջ էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ակնարկել էր, որ Մարտի 1-ը ոչ մեկի մենաշնորհը չէ։

«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից տեղեկացանք, որ ՀԱԿ-ի առաջարկած օրակարգն արդեն քննարկել ու հիմնական հարցերում տվել են իրենց համաձայնությունը։

XS
SM
MD
LG