Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը խորանում է


Յուլյա Տիմոշենկոն Գերագույն ռադայի նիստի ժամանակ, Կիև, 16-ը փետրվարի, 2016թ․

Յուլյա Տիմոշենկոն Գերագույն ռադայի նիստի ժամանակ, Կիև, 16-ը փետրվարի, 2016թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի անտեսված խնդրանքից՝ վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարական չտալուց, Գերագույն ռադայում կառավարությանն անվստահություն հայտնելու փորձերի ձախողումից հետո այսօր հայտնի դարձավ, որ «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցությունը լքում է կոալիցիան:

Որոշման մասին հայտարարելով՝ կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վկայակոչել է երեկվա քվեարկությունը: «Մենք պետք է արձանագրենք, որ ժողովրդավարական ուժերի կոալիցիա, եվրոպամետ կոալիցիա այս խորհրդարանում երբեք չի եղել», - պնդել է Տիմոշենկոն:

Երեկ Գերագույն ռադային Յացենյուկի ներկայացրած կառավարության հաշվետվությունից հետո գործադիրին անվստահություն հայտնելուն կողմ քվեարկեց 194 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 226 քվե:

Տիմոշենկոն կոալիցիան բնորոշել է կլանային և մեղադրել երկիրը «ծայրաստիճան ավերածության հասցնելու» մեջ:

«Բատկիվշչինա» կուսակցությունը կառավարությունում իր միակ նախարարին՝ երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Իգոր Ժդանովին հետ է կանչել: Ժդանովը, սակայն, հայտնել է, որ հրաժարական չի տա:

«Վարչապետ Արսենի Յացենյուկի խնդրանքով ես կմնամ՝ աշխատելու կառավարությունում»,- «Ֆեյսբուք»-ում գրել է նախարարը՝ կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ «Батькивщина» կուսակցությաև որոշումը գնահատելով որպես «քաղաքական ճգնաժամի խորացման սցենար»:

Նախարարը «Ֆեյսբուք»-ում նաև գրել է, թե մասնագիտական առումով իր հետ կապված խնդիրներ չկան, նաև հիշեցրել է, որ Գերագույն ռադայի ընտանիքի, երիտասարդության, սպորտի և տուրիզմի հարցերով հանձնաժողովը մանրակրկիտ քննել է 2015 թվականի զեկույցը և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքը «միաձայն գնահատել բավարար»։

Մինչ այդ «Պետրո Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն կոչ է արել կազմել նոր կառավարություն:

Տիմոշենկոյի հայտարարությանն արձագանքելով, «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակին ասել է՝ հիմա «Բատկիվշչինա»-ն գնում է կոալիցիան քայքայելու ճանապարհով, այդ նախընտրությունը պատճառաբանելով կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում խորհրդարանի արտահերթ ընտրությունների հնարավորության տապալման հանգամանքով: Բուրբակիի խոսքով՝ «Բատկիվշչինա»-ն դե ֆակտո դադարել է հանդիսանալ կոալիցիայի անդամ՝ բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոյի հրաժարականից հետո: «Նրանք չէին աջակցում կառավարության նախագծերին»,- նկատել է «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավարը:

Ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ արձագանքել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք նույնպես ուշադիր հետևում ենք ուկրաինական խորհրդարանում իրադարձությունների զարգացումներին, մենք ուկրաինական բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում առաջին տեղում դնել երկրի պահանջների հարցը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Թոները Պորոշենկոյի խնդրանքից հետո գլխավոր դատախազի հրաժարականի փաստը մեկնաբանել է որպես բարեփոխումների պատրաստակամության վկայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG