Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի նախկին գլխավոր դատախազի և նրա տեղակալի դեմ


Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլի, արխիվ

Նրանք մեղադրվում են «Իբերիա» հեռուստաընկերությունը փակելու մեջ։

Վրաստանում գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի և գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Գեորգի Լացաբիձեի դեմ։ Նրանք մեղադրվում են «Իբերիա» հեռուստաընկերությանը 2004 թվականին արտոնագրից զրկելու և հեռուստաընկերությունը փակելու մեջ։ Երեկ այդ մասին հայտարարվել է դատախազությունում կայացած ճեպազրույցում։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, գլխավոր դատախազության հայտարարությունում նշվում է. - «Հետաքննությունը պարզել է, որ 2004 թվականի հունվարին Վրաստանի նոր ընտրված իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պետության կողմից հեռուստատեսությունը վերահսկելու նպատակով, որոշել են տիրանալ «Իբերիա» հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրին, որը պատկանում էր «Օմեգա գրուփ» ընկերությանը։ Այդ նպատակով մշակվել է հանցավոր պլան, որի իրականացումն իրենց վրա են վերցրել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին և նրա տեղակալ Գեորգի Լացավիձեն»։

Հայտարարությունում նաև նշված է, որ հեռարձակման արտոնագրից ստիպողաբար հրաժարվելու արդյունքում անկախ հեռուստաընկերությունը դադարել էր գործել։

Վրաստանի նախկին գլխավոր դատախազին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները գերազանցելու հատկանիշով։

Դատախազություն էին հրավիրվել նաև «Իբերիա» հեռուստաընկերության տնօրենը և իրավաբանը՝ որպես տուժող կողմ։

«Իբերիա»-ի լրատվական բաժնի նախկին ղեկավար Լյուբա Էլիաշվիլին, մեկնաբանելով այս վերջին զարգացումները, ասել է, թե երբ նրանք առաջին անգամ ներխուժեցին «Իբերիա», գլխավոր դատախազը Իրակլի Օքրուաշվիլին էր։ Նրա կարծիքով, այս գործով պետք է մեղադրվեն նաև Իրակլի Օքրուաշվիլին և Միխեիլ Սաակաշվիլին։

Զուրաբ Ադեիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին ասել է, որ իր պաշտպանյալի դեմ քրեական հետապնդումը նման է դիմակահանդեսի։ Նա նշել է, որ հանցագործությունը, որի մասին խոսք է գնում, սկսվել է 2004 թվականի հունվարին, երբ Զուրաբ Ադեիշվիլին դատախազ չէր։ «Նա յոթ ամիս հետո է նշանակվել գլխավոր դատախազ, հետևաբար՝ որևէ հիմք չկա ասելու, թե նա հեռուստաընկերությունը ինչ-որ մեկից վերցնելու մտադրություն է ունեցել։ Դա անպատկերացնելի է », - ասել է փաստաբանը՝ նշելով. - «Օքրուաշվիլիի ժամանակ էր հետաքննությունը սկսվել, Օքրուաշվիլիի ժամանակ էր հատուկ նշանակության ջոկատը ներխուժել «Օմեգա» ընկերություն, բայց գործի նյութերում նրա ազգանունը չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG