Մատչելիության հղումներ

Թիվ 28/35-ի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունն ավարտվել է


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ ավարտվել է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունը:

Հաղորդագրության համաձայն, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1 հասցե՝ այնտեղ տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու նպատակով: «Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում և գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով կեղծել է թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակները գրանցամատյանի հետ հանձնել ընտրատարածքային հանձնաժողովին», - փոխանցում է ՀՔԾ-ն: - «Կատարած հանցագործության համար Հենրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով»:

Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածը ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանում է ազատազրկում՝ 2-ից մինչև 5 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG