Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը՝ Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության մասին

«Ազատություն». - Դաշնակցականները բացում են փակագծերը՝ նշելով, որ կա համագործակցության մասին համաձայնագրի տեքստ, որտեղ ընդգրկված է լինելու նաև երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ճանապարհային քարտեզ։ Փաստորեն, ծավալուն փաստաթուղթ եք ստորագրելու, այո՞։

Հովհաննես Սահակյան. - Ամեն ինչ իր ժամանակին։ Իհարկե, ստորագրելուց մենք պետք է ստորագրենք ծավալուն և համակողմանի կարգավորող նաև փաստաթուղթ։ Կարծում եմ, իր ժամանակի մեջ ամեն ինչ հրապարակային կդառնա, կլինի, և բոլորը կտեղեկանան նաև փաստաթղթի բուն բովանդակությանը։

«Ազատություն»․ - Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարեց, որ երկու ուժերի միջև ստորագրվելիք փաստաթուղթը նաև ճանապարհային քարտեզ է առաջարկում, թե ինչպես են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները։ Այսինքն՝ լինելու են նաև այդ խնդիրների լուծման բանալինե՞րը։

Հովհաննես Սահակյան. - Տեսեք, մենք կարող ենք այս գործընթացը նաև սահմանադրական բարեփոխումների այս տիրույթում նայել, որովհետև և՛ նախագահի ուղերձը, և՛ այն փաստաթուղթը, որը կստորագրվի, նաև, կարծես թե, այն հիմնական ուղղությունների մատնանշելն է, որ մենք պետք է դրանով գնանք առաջ, կամ շարժվենք առաջ։ Ես չէի ցանկանա ավելի բովանդակային խոսել հատկապես փաստաթղթից, որովհետև, եթե դեռևս հրապարակային չէ, ապա չփորձենք որևէ կերպ մեկնաբանել կամ բովանդակային որևէ դրույթ փորձենք քննարկել։

«Ազատություն». - Պարոն Սահակյան, շատերի մոտ հետևյալ հարցն է ծագում, որ առանց Դաշնակցության այդ բանալիների, խնդիրների լուծում Հանրապետականը չէ՞ր կարողանում գտնել, այդ ի՞նչ է անելու Դաշնակցությունը, որ դուք [Հանրապետական կուսակցությունը] չէիք կարողանում անել այս տարիների ընթացքում, և նրանց գալով, խորհրդարանում փոքրաթիվ ներկայացվածությամբ, նրանք կարողանալու են արմատական փոփոխություններ բերել, ավելին՝ բանալիներն են տրվել։

Հովհաննես Սահակյան. - Դրանք ավելի արհեստական հարցադրումներ են կամ մտորումներ են, որոնք, կարծես թե, լրատվական դաշտում թևածում են։ Խնդիրն այստեղ դրա մեջ չէ, որ մենք չենք կարողանում, այլ լրացուցիչ ուժերի կարիք կար, կամ դաշնակցականները պետք է իրենց փոքրաթիվ ներկայությամբ լինեն, որ մենք կարողանանք դա անել։ Նախևառաջ մենք չպետք է մոռանանք, որ տարբեր համապետական ընտրություններից հետո, երբ որ Հանրապետականն ունեցել է և՛ քաղաքական մեծամասնություն, և՛ որակյալ մեծամասնություն, և՛ միանձնյա հնարավորություն է ունեցել որոշումներ ընդունելու, գնացել է կոալիցիոն կառավարման ճանապարհով, և դա խոսում է նրա մասին, որ մենք պատրաստ ենք մեր այն գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր մոտեցումները, մեր տեսակետները, նաև վերցնեն պատասխանատվություն մեզ հետ հավասար և գնանք առաջ։

«Ազատություն». - Բայց հիմա ընտրություն չի եղել, չէ՞։

Հովհաննես Սահակյան. - Եվ սա հենց այն փաստն է, ես գալիս եմ դրան, որ սահմանադրական բարեփոխումների ամբողջ ընթացքի ժամանակ նրանք իսկապես կիսել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների այդ գաղափարը։ Թեպետ իրենք երկար տարիներ են դրա մասին խոսել՝ 100 տոկոս համամասնականի, խորհրդարանական կառավարման ձևի, բայց հնարավորությունը եղել է հենց այս ժամանակաշրջանում, և նաև դա է հիմնական պատճառը, որ սահմանադրական բարեփոխումները չավարտվեցին դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, ես կասեի՝ դրանով նոր սկսվեցին սահմանադրական բարեփոխումները։

XS
SM
MD
LG