Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք-քրդական բախումների ընթացքում վնասվել են հայկական եկեղեցիները


Ավելի քան երկու ամիս Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում թուրքական իրավապահ մարմինների և քուրդ զինյալների միջև չդադարող բախումների հետևանքով մի շարք շենքերի, բնակելի տների թվում վնասվել են նաև այդ տարածքում տեղակայված հայկական եկեղեցիները:

Օրերս համացանցում տարածվեցին Սուր վարչական շրջանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի կիսաքանդ շենքի լուսանկարները:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու սպասավորներից Արմեն Դեմիրճյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պայթյունների հետևանքով վնասված եկեղեցին Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին է․ - «Իրոք, հայկական կաթոլիկ եկեղեցին ավերակի է վերածվել․ քանդվել են պատերը, զանգակատունը: Տուժել է նաև Սուրբ Կիրակոսը, եկեղեցու պատերից մեկի վրա մեծ անցք է բացվել, ապակիները կոտրվել են: Չգիտենք, թե ինչ վիճակում է, քանի որ ոչ ոք չի կարողանում ներս մտնել»:

Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հաստատեց, որ Սուր վարչական շրջան մտնել հնարավոր չէ․ տարածքը փակ է, ներս ու դուրս անելը` արգելված: Տեղի վիճակի և ավերածությունների մասին միայն լուրերից են տեղեկանում․ - «Սոցիալական մեդիայից պարզ է դառնում, որ Սուր շրջանում բազմաթիվ շենքեր, պատմական հուշարձաններ են վնասվել: Բախումների հետևանքով ամենաշատը տուժել է Քուրշունլու մզկիթը, որը մինչև 1500-ական թվականները գործել է որպես Սուրբ Թեոդորոս հայկական եկեղեցի: Բախումները մինչև օրս շարունակվում են, և փորված առաջին խրամատներից մեկը հենց Սուրբ Կիրակոսի մոտակայքում է գտնվում: Վերջին անգամ երբ եկեղեցի մտանք, միայն մի քանի ապակի էր կոտրվել: Սակայն չգիտենք, թե եկեղեցին այժմ ինչ վիճակում է: Ո՛չ կարող ենք Սուր շրջան մտնել, ո՛չ էլ եկեղեցին տեսնել»:

Թեև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր վարչական շրջանի 6 թաղամասերում գործողությունները ավարտվել են, մարդիկ դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Դիարբեքիրի նահանգապետարանի հաղորդմամբ` Սուր վարչական շրջանում բնակվող շուրջ 24 հազար քաղաքացիներ հիմնականում տեղափոխվել են այլ շրջաններ:

Տեղական իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ արվում է վիճակը կայունացնելու համար, չնայած ցայսօր այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերը ապարդյուն են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG