Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը հանդիպումներ է անցկացնում ԱԺ խմբակցությունների հետ


Նա այսօր եղել է ՀՀԿ-ում, ՀՅԴ-ում և «Օրինաց երկիր»-ում:

Ընտրվելու համար միայն իշխող Հանրապետականի ձայները Թաթոյանին բավարար չեն։ ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է 70 պատգամավոր, թեկնածուին օմբուդսմեն դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 79 ձայն։

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ ընդդիմության մեջ նույնպես Թաթոյանն ընտրողներ ունի, այդուհանդերձ իրավիճակը հեշտ չի գնահատում․ - «Բազմակարծություններ կարծում եմ, որ կլինեն դեռևս: Չեմ կարծում, որ ամեն ինչ հեշտ, հանգիստ ընթանում է: Կարծում եմ, որ սա նույնպես բանակցություններ տանելու ձևաչափ է, նստել խմբակցություններում, քննարկել նրանց հուզող բոլոր հարցերը»:

Իր աջակցությունը ՀՀԿ-ի թեկնածուին առաջինը հայտնեց Դաշնակցությունը։ Գագիկ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ցանկալի էր համարել ապագա գործընկերների այդ դիրքորոշումը։

Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) իրենց որոշումը հրապարակեց հանդիպումից անմիջապես հետո․ - «Հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են մեր պատկերացումներին, և վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև պառլամենտի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաև նոր գործառույթները և լիազորությունները, որ ամրագրված են սահմանադրական փոփոխություններով»:

Անցած շաբաթ ընդդիմադիր պատգամավորները Պետաիրավական հանձնաժողովում չհամախմբվեցին Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցության պատգամավոր) թեկնածության շուրջ: Արման Թաթոյանի օգտին քվեարկեց 7, Զարուհի Փոստանջյանի օգտին՝ 5, Նարեկ Ալոյանի օգտին՝ 2 հանձնաժողովական:

Քվեարկությանը չմասնակցեց Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ): Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը կողմ քվեարկեց բոլոր երեք թեկնածուներին:

Փոստանջյանը ընդդիմադիր գործընկերների քվեարկությունը որակեց որպես աջակցություն իշխանության թեկնածուին:

Հանրապետական Գագիկ Մելիքյանն այսօր ստանձնեց նրանց պաշտպանությունը․ - «Չի նշանակում այն, ինչ մեղադրանք հնչեցրեց Զարուհի Փոստանջյանը Պետաիրավական հանձնաժողովում այդ երկու պատգամավորների հասցեին, դա իրականությանը համապատասխանում էր: Կարծում եմ, որ դա ընդամենը երևակայության հետևանք էր, ընդամենը կոպիտ վարքագծի հետևանք էր տիկին Փոստանջյանի կողմից: Եվ դա իրականությանը չէր համապատասխանում բացարձակապես»:

Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանը արդեն մի քանի օր Ազգային ժողովի միջանցքներում վստահեցնում է․ - «Գիտակցում եմ, որ բարդություններ կլինեն: Բայց նաև այնպիսի սկզբունքներ եմ ներկայացնում, որ կարծում եմ, այդ սկզբունքները իրացնելու դեպքում, դրանք ինձ կօգնեն ավելի արդյունավետ գործունեություն ծավալել»:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն վաղը կհանդիպի «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» պատգամավորներին:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ իրենց հանդիպման հրավեր չի հղվել:

Դաշնակցությունից բացի, մյուս խմբակցությունները դեռևս չեն շտապում հրապարակել, թե ինչպես են քվեարկելու օմբուդսմենի ընտրության ժամանակ:

Արման Թաթոյանի թեկնածությունը խորհրդարանում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, գալիք երկուշաբթի մեկնարկող քառօրյայի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG