Մատչելիության հղումներ

logo-print

«Իմ մտածմունքն 9 տարի ամեն օր՝ թե էս գործըն ո՞նց սարքեցին»


Հայաստան -- Բագրատ Նալբանդյանը պատմում է, թե ինչպես են իր հետ վարվել ոստիկանությունում, Վարդենիս, 16-ը փետրվարի, 2016թ․

Հայաստան -- Բագրատ Նալբանդյանը պատմում է, թե ինչպես են իր հետ վարվել ոստիկանությունում, Վարդենիս, 16-ը փետրվարի, 2016թ․

«Էտ 2004 թիվն էր: Տարան ինձ Քյավառ, փակեցի՜ն․․․ բա՝ մնա ստեղ, գործ կա․․․ Գիշեր ժամը 3-ին, ախպեր ջան, ինձ կանդալուկ խանին վերև, բա՝ խոստովանի․․․ արա՜, ի՞նչ խոստովանեմ․․․ սպանություն․․․ այ քեզ բա՜ն․․․ », - պատմում է վարդենիսցի 55-ամյա Բագրատ Նալբանդյանը, ով վերջերս է ազատ արձակվել՝ 9 տարի անցկացնելով բանտախցում։ - «Իմ մտածմունքըն, 9 տարի ամեն օր՝ թե էս գործըն ո՞նց սարքեցին», - հիշում է նա:

Երկրորդ կարգի հաշմանդամը կնոջ հետ մեղավոր էր ճանաչվել աղջկա դասընկերուհուն՝ 16-ամյա Սյուզաննա Սարգսյանին դաժանորեն սպանելու և իրենց տան հարևանությամբ գտնվող մազութի հորը նետելու մեջ։

Ամուսինները 10 տարի շարունակ պնդում են, որ իրենց ստիպել են մեղքն ընդունել։

«Ծեծում էին դուբինկով․․․ վեց հոգի, ախպեր ջան․․․ կանդալված, էս վիճակի նստած, միհատ ադեալ գցին գլխիս ու գնա՜ց․․․ մինչև ուշաթափ լինելս հա ջուր, հա ջուր․․․ ասում եմ՝ ավելի լավա մի հատ կրակեք՝ մարդըն վերջանա, ոչ թե սենց ծեծելով․․․ ես չգիտեմ, տեղյակ չեմ, չգիտեմ սպանությունն ի՞նչ ա, ո՞վ ա․․․ չը-գի-տեմ․․․», - պատմում է Բագրատ Նալբանդյանը:

Նալբանդյանների ավագ որդին՝ Կարոն, հիշում է, որ սկզբում ոստիկաններն իրեն էլ էին պարտադրում խոստովանել, թե հոր հետ սպանել է քրոջ դասընկերուհուն․ - «Դեմից խաբին՝ բա՝ ձեռներդ դիր սեղանին․․․ ձեռներս դրին սեղանին ու սկսին դուբինկեքով խփել: Ձեռ, գլուխ․․․ մի խոսքով՝ ջարդ-փշուր արին: Ու բա մի միլիցա ասում ա՝ դե լսի, հիմա մենք ոնց թելադրենք, դու ըտենց էլ կգրես»:

Կարոյի պնդմամբ, մայրն ընդունել է մեղքը, քանի որ ոստիկանները սպառնացել են երեխաներին գործում ներգրավել․ - «Ինձ որ տարան ծեծին, էդ ժամանակ մորս էլ էին տարել, Արևին էլ էին տարել, Դավոյին էլ էին տարել․․․ սաղիս տարել-լցրել էին բաժին: Քրոջս մորս մոտ են ծեծել՝ կողքի կամեռ, որ քրոջս ձենը լսի, որ մամաս խղճա, վիզ վերցնի, որ՝ հա, ես եմ արել»:

Բագրատ Նալբանդյանը հիշում է՝ այդ օրերին կնոջ հետ առերեսման ժամանակ նա ծայրահեղ վատ վիճակում էր․ - «Կինարմատին ծեծեն, վախացնեն, ջարդեն, ըսպանեն․․․ ասեն՝ ինչ ասում ենք՝ գրի, մեր ասածով ստորագրի»:

Արխիվ -- Նարինե Նալբանդյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելում է հանցագործության վայր

Արխիվ -- Նարինե Նալբանդյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելում է հանցագործության վայր

Մեկ տարի առաջ Եվրոպական դատարանը հաստատեց, որ Նալբանդյան ամուսիններից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով, խախտվել է նրանց արդար դատաքննության ու պաշտպանության իրավունքը։ Մինչ օրս որևէ իրավապահ չի պատժվել ամուսիններին բռնության ենթարկելու համար։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները փաստում են՝ Նալբանդյանների դեպքից 12 տարի անց՝ այսօր էլ Հայաստանի իրավապահ համակարգում բռնությունները շարունակվում են։ Ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) դիտորդություն իրականացնող խմբի նախագահ Հասմիկ Սահակյանի խոսքով 2014-ին Երևանում ձերբակալվածների 60 տոկոսի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ըստ Սահակյանի՝ բռնությունները հիմնականում իրականացվում են ոստիկանության բաժանմունքներում, մինչև պահման վայրեր ուղարկելը։

«Դեպք արձանագրվել է, որ հենց կին ձերբակալված մուտք է գործել ՁՊՎ, գրանցվել են մարմնական վնասվածքները, դուրս է եկել քննչական գործողություններից հետո՝ մեկ օր անց ետ է բերվել ու գրանցվել են այլ մարմնական վնասվածքներ՝ ինտիմ բնույթի», - պատմում է Սահակյանը:

Հատուկ քննչական ծառայությունը, որը քննում է ոստիկանների և այլ պաշտոնատար անձանց գործերը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է՝ անցած տարի դատարանի առջև է կանգնել 72 պաշտոնյա, որից 35-ը՝ ոստիկան։ 146 գործ էլ կարճվել է՝ մեծամասամբ արդարացնող հիմքերով։ Նույն ծառայության պաշտոնական կայքում հաշվեցինք իրավապահների վերաբերյալ քննվող առնվազն 100 քրեական գործի հաղորդագրություն, որոնցից 18-ը, ըստ ՀՔԾ-ի, ուղարկվել է դատարան։ Դրանցից 7-ի ուսումնասիրությամբ պարզվեց՝ ազատազրկման են դատապարտվել միայն երկու քննիչ, առավելագույն պատիժը եղել է 9 ամիսը։ Իսկ 2013-ին Իջևանում տեղի ունեցած սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը կոծկելու համար ոստիկանության փոխգնդապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և տեղում համաներմամբ ազատ արձակվել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, եթե նախկինում իրավապահների նկատմամբ քրեական գործեր ընդհանրապես չէին հարուցվում, ապա հիմա քննություն տանում են, սակայն համարժեք չեն պատժում․ - «Դատարաններում գտնում են, որ ոստիկանն էլ ունի անմեղության կանխավարկած և չի հիմնավորվել, որ ոստիկանը նման գործողություն կատարել է: Այնինչ՝ խոշտանգումների, արժանապատվություն նվաստացնող, դաժան վերաբերմունքի վերաբերյալ միջազգային կոնվենցիան ուղղակիորեն ամրագրում է, որ պետությունը պետք է փարատի կասկածները, որ այդպիսի բան չի արել ոստիկանը»:

Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանին իրավունքների խախտման համար Նալբանդյան ամուսիններին վճարել 62 հազար եվրո փոխհատուցում: Նալբանդյանները հույս ունեն, որ այս անգամ իրական մեղավորները կպատժվեն։

«Ուզում ենք իմ ծնողներին, ինձ, քրոջս ծեծողներին՝ մեզ վատություն անողներին, թող նրանք պատժվեն: Ես բողոքեմ, որ նրանք պատժվեն, որ իմանան էտ ինչ ա», - ասում է Կարո Նալբանդյանը:

XS
SM
MD
LG