Մատչելիության հղումներ

Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունը ժամանել է Հայաստան


Լուսանկարը՝ Հայաստանի առողջապահության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի առողջապահության նախարարության

Առողջապահության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության փոխնախարար Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ Ռասոուլ Դինարվանդին ասել է, որ Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար», - ասել է իրանցի փոխնախարարը՝ նշելով, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է նաև դեղարտադրությունը: Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

2015 թվականի դեկտեմբերին, հիշեցնենք, Արմեն Մուրադյանի Թեհրան այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG