Մատչելիության հղումներ

ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել բարեփոխումներին Հայաստանում


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցությունը և կարևորել կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի իշխանությունների և կառավարության հետ ԵԽ համագործակցության և ԵԽ մարմիններում Հայաստանի պատշաճ ներկայացվածության կապակցությամբ՝ Վուտովան նշել է, որ այն զարգացնելու լավ հնարավորություններ կան:

ԵԽ գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել 2013 թվականի Հայաստանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում: Նա ընդգծել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի տարբեր պետական ինստիտուտների հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, և Հայաստանի քաղաքական համակարգն առավել բաց և ճկուն կդառնա:

Նատալյա Վուտովան էլ ընդգծել է, որ ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման և օրենսդրության համապատասխանեցման գործընթացին:

Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG