Մատչելիության հղումներ

Ջոն ՄըքՔեյն․ «Մենք այս կինոն արդեն տեսել ենք Ուկրաինայում»


Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը ելույթ է ունենում Անվտանգության համաժողովում, Մյունխեն, 14-ը փետրվարի, 2016թ.
Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը ելույթ է ունենում Անվտանգության համաժողովում, Մյունխեն, 14-ը փետրվարի, 2016թ.

Ըստ ամերիկացի սենատորի, Սիրիայի հարցով համաձայնությունը բխում է Ասադի և Պուտինի շահերից։

Անցած ուրբաթ օրը միջազգային տերությունները համաձայնեցրել են Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու, կարիքավորներին օգնելու և մարդասիրական աղետին վերջ տալու հարցը։

Սա համարվում է կարևոր քայլ Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այդ երկրում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 250 հազար մարդ, հարյուր հազարավորներ լքել են տները, շատերը հասել են Եվրոպա, ինչը Հին աշխարհամասում ստեղծել է միգրանտների ամենածանր ճգնաժամը Երկրորդ աշխարհամարտից հետո։

Ռուսական օդուժը Սիրիայում, ըստ արևմտյան վերլուծաբանների, ռմբահարում է նախևառաջ Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերի դիրքերը, հետևաբար՝ գործարքի իրականացումը ձեռնտու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այդ տեսակետն է հայտնել նաև ամերիկացի հանրապետական սենատոր, զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը, ով անցած կիրակի օրը Մյունխենում Անվտանգության միջազգային համաժողովում ասել է, թե գործարքը ռուսներին տալիս է Հալեպի ուղղությամբ գրոհը ևս մեկ շաբաթ շարունակելու հնարավորություն։

«Պարոն Պուտինը չի ցանկանում լինել մեր գործընկերը, նա ուզում է հզորացնել Ասադի վարչակարգը, Մերձավոր Արևելքում վերականգնել Ռուսաստանը որպես գերտերություն, այս պատերազմը դարձնել բանակը արդիականացնելու փորձադաշտ, Լաթաքիան դարձնել ռազմակայան, որտեղից կընդարձակի Ռուսաստանի ազդեցության գոտին, նոր Կալինինգրադ, կամ Ղրիմ, նա ուզում է սրել միգրանտների ճգնաժամը և այն կիրառել որպես զենք Տրանսատլանտյան դաշինքը պառակտելու, Եվրոպական ծրագիրը խափանելու համար»,- ասել է ՄըքՔեյնը։

Ամերիկացի սենատորի պնդմամբ, ռուսները Սիրիայում ամիսներ շարունակ անպատիժ և անխնա ռմբահարում են ընդդիմադիր զինյալների դիրքերը, խաղաղ բնակիչներին, ինչից օգտվում է միայն Ասադը։

«Մենք այս կինոն արդեն տեսել ենք Ուկրաինայում։ Ռուսաստանը ռազմական ճնշում է բանեցնում, փոխում է իրավիճակը, մարդասիրական օգնությունը թույլատրելու կամ մերժելու հնարավորությունն օգտագործում է որպես առևտրի միջոց, բանակցելով բարենպաստ պայմաններ կորզում և որոշում, թե երբ է մյուս անգամ գրոհելու։ Այդպես է դիվանագիտությունն օգտագործում հանուն ռազմական ագրեսիայի։ Եվ այդ մոտեցումն աշխատում է, քանի որ մենք ենք դա թույլ տալիս»,- ասել է Կրեմլի անհաշտ քննադատ ՄըքՔեյնը։

Մյունխեյան իր ելույթում սենատորը նաև տվել է հռետորական հարց և պատասխանել. - «Եթե Ռուսաստանը կամ Ասադը խախտեն համաձայնությունը` կլինե՞ն հետևանքներ։ Ես այդպիսիք չեմ տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG