Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը փորձում է դատարանում վիճարկել ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյան և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյան, 12-ը փետրվարի, 2016թ․

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյան և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյան, 12-ը փետրվարի, 2016թ․

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Ըստ Փոստանջյանի, Գեորգի Կուտոյանը ԱԱԾ-ում համապատասխան ծառայության փորձ չունի` նա չի զբաղեցրել պաշտոններ Ազգային անվտանգության ծառայությունում և չի հանդիսացել ԱԱԾ գնդապետ: Իր հայցադիմումին պատգամավորը կցել է նաև Կուտոյանի կենսագրական տվյալները։

«Շատ ցավալի է, որ այդպիսի անփորձ անձ, այսինքն՝ մարդ, որը այդ ոլորտի հետ կապ չի ունեցել, պաշտոնական տվյալներով եմ ես ասում, գալիս է: Մեկ օրվա մեջ, փաստորեն, այսպիսի որոշում է կայացվում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը: - «Շատ կասկածելի էր, որ նրան մեկ շաբաթով տեղափոխեցին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին, հետո բերեցին նշանակեցին այս պաշտոնին: Փորձել են ինչ-որ չափով մոտեցնել այդ նշանակումը օրինականությանը, մինչդեռ նույնիսկ այս պարագայում օրինականությունը չի ապահովվել», - հավելեց նա:

«Ազատության» հարցին ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը պարզաբանել է, որ Գեորգի Կուտոյանի նշանակումը բավարարում է օրենքի պահանջները․ - «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները նախատեսված են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի ինչպես 1-ին, այնպես էլ՝ 6.1-րդ մասով»: Նշված դրույթն, ըստ նախագահի մամուլի քարտուղարի պարզաբանման, սահմանում է, որ «պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Կուտոյանի նշանակման շուրջ բարձրացած աղմուկը «սովորականից շատ» է համարել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

«Նման նշանակումները բոլոր պետություններում դա պետության ղեկավարի՝ առաջին դեմքի որոշումն է, և որպես կանոն նման նշանակումներում շատ քիչ մարդկանց հետ են խորհրդակցում կամ ընդհանրապես որևէ մեկի հետ չեն խորհրդակցում: Տվյալ պահին դա քաղաքական նշանակում է, որը, ես կարծում եմ, ճիշտ է: Քաղաքական նշանակումները, որպես կանոն, շատ են նպաստում հատուկ ծառայությունների գործունեության մի ուղղությանը: Գիտեք, պետությունների միջև հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել արտաքին գործերի նախարարությունների կամ այլ նախարարությունների միջոցով: Կա մի ավելի հատուկ, շատ նուրբ ոլորտ, որը իրականացվում են այդ հարաբերությունները հատուկ ծառայությունների միջոցով», - նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

Մինչդեռ, Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Հայաստանում բարձր պաշտոնների են նշանակվում մեկ չափանիշով․ - «Այս մարդիկ ոչ թե իրենց գիտելիքներով և մասնագիտական կարողություններով և աշխատանքային փորձով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, այլ իրենց ծառայություններն են մատուցում կոնկրետ Սերժ Սարգսյանին: Չափանիշը դա է»:

Օրենքով, եթե առկա չեն հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքեր, դատարանը մեկ շաբաթվա մեջ պարտավոր է վարույթ ընդունել հայցադիմումը։ Փոստանջյանը մեծ ակնկալիք չունի դատարանից, բայց դիմելը, կարծում է, ճիշտ էր։

«Ամեն դեպքում ես գտնում եմ, որ բոլոր միջոցները, որը հնարավոր է դիմադրություն ցույց տալու համար, անհամաձայնությունը ընդգծելու, դու պետք է կյանքի կոչես», - ասում է նա:

XS
SM
MD
LG