Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը Ասադի համար բարենպաստ պայմաններ կստեղծի»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը TIME-ին հարցազրույց է տալիս Մյունխենում, 13 փետրվարի, 2016թ.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը TIME-ին հարցազրույց է տալիս Մյունխենում, 13 փետրվարի, 2016թ.

Ռուսաստանցիները սատարում են օդային գրոհներին։

«Զինյալները օրինական թիրախ են»

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում պատասխանել է «Թայմ»-ի հարցերին։ Նա ասել է, թե Սիրիայում խաղաղություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը բանակցության սեղանի շուրջ կնստի այն ընդդիմադիրների հետ, ովքեր ցանկանում են համաձայնության հասնել։

Մեդվեդևի պնդմամբ, ռուսներն այդ նպատակով մտադիր են Ասադի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ուստի, «ավտոմատներով դեսից դեն վազող հակակառավարական զինյալները ահաբեկիչներ են և ավազակներ, և այդ իսկ պատճառով ռուսական օդուժի համար օրինական թիրախ են»։

Մեդվեդևի խոսքերով, խաղաղության գործընթացում պետք է անպայման ներառվի Ասադի ապագայի խնդիրը, դրա անտեսումը տարօրինակ կլինի։

«Մենք չունենք Սիրիայում մեր ռազմական ներկայությունն անընդհատ շարունակելու նպատակ։ Մենք այնտեղ կատարում ենք մեր ազգային շահերից բխող սահմանափակ և հստակ խնդիր, դա անում ենք նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով, հետևաբար, ոչ թե Ասադն, այլ մենք ենք որոշելու ռուսական բանակի ներկայության ծավալը, գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուսաստանի իշխանությունը, բոլորն, ովքեր ներգրավված են այս հարցում»,- ասել է Մեդվեդևը։

«Ոչ մեկին նոր Լիբիա պետք չէ»

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը ցանկանում է, որ Սիրիան պահպանի տարածքային ամբողջականությունը, լինի միացյալ պետություն։

«Կարծում եմ, դրա կարևորությունը գիտակցում են և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում։ Ոչ մեկին պետք չէ նոր Լիբիա, որը կբաժանվի մի քանի մասի, պետք չէ քաոս, երբ այս կամ այն տարածքում սկսում են իշխել դաշտային հրամանատարներ, պարզ ասած` ավազակներ, անկախ նրանց կրոնական հռետորաբանությունից»,- ասել է Մեդվեդևը։

Ռուսաստանի վարչապետի կարծիքով, Մոսկվան շարունակելու է երկխոսությունը Սիրիայի հակամարտ կողմերի և գործընկեր-երկրների հետ։ Այդ բանակցային գործընթացն այսօր որոշակի զգուշավոր լավատեսություն է ներշնչում։

«Թայմ»-ին տված հարցազրույցում նա կրկնել է նախկինում Մոսկվայի հնչեցրած մտավախությունը Սիրիայում ռուսաստանցի զինյալների ներգրավվածության մասին։

Ռուսաստան զինյալների թափանցումը` իրական վտանգ

«Մենք զբաղվում ենք Սիրիայով նախևառաջ ելնելով մեր անվտանգության շահերից։ Սիրիայից Ռուսաստան ծայրահեղականների ներթափանցումը կանխելն ինքնին կարևոր է, մեր դեպքում, երբ Սիրիայում կան հազարավոր զինյալներ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից, դա արդեն իրական վտանգ է»,- ասել է Մեդվեդևը։

Հարցազրույցում Մեդվեդևն անդրադարձել է Արևմուտքի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին և նորից դատապարտել է անցյալ տարվա նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավը վայր գցելու միջադեպը։

«Ռուսաստանի կուրսը բացառապես խաղաղասիրական է, դա հսկայական սադրանք էր, նույնիսկ եթե օդանավը մի քանի վայրկյանով հայտնվել էր Թուրքիայի տարածքում, այն ընկել է Սիրիայում, Ռուսաստանը ռազմական պատասխան չի տվել։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պարտավոր է ազդել սադրանքների դիմող որոշ անդամների վրա, դա, ի վերջո, կարգապահության հարց է, բոլորս գիտենք, թե այդ բաներն ինչպես կարող են ավարտվել»,- ասել է Մեդվեդևը։

Սատարում են օդային արշավին, բայց չգիտեն, թե ինչ է կատարվում Սիրիայում

Սիրիական իրադարձությունների առնչությամբ ուշագրավ լուր է հայտնել РБК լրատվական գործակալությունը. ռուսաստանցիների մեծ մասը` մոտ 59 տոկոսը, սատարում է Ասադին և համոզված է, որ ռուսական օդուժը պետք է շարունակի օդային գործողությունները, սակայն հարցվածների մեծ մասը` մոտ 70 տոկոսը, մակերեսային պատկերացում ունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Այդ է փաստում հանրային հարցումներ անցկացնող «Լևադա» կենտրոնի վերջին զեկույցը։ Արևելագետ Գրիգորի Մելամեդովը դա բացատրում է ռուսական ԶԼՄ-ների աշխատանքով, մամուլը վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն է հատկացնում ներռուսաստանյան թեմաներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG