Մատչելիության հղումներ

Պնդումները, թե մանկական քաղցկեղի բուժումն անվճար է, «իրականությանը այնքան էլ չեն համապատասխանում»


Արդեն չորս տարի է, որ 11-ամյա Արմենը (անունը փոխված է) կռիվ է տալիս կյանքի համար՝ տարբեր հիվանդանոցների ուռուցքաբանական բաժանմունքներում:

Հերթական վիրահատությունը մոտ երկու շաբաթ առաջ էր, երեխայի օրգանիզմից ևս մեկ ուռուցք են հեռացրել: Դժվարությամբ համաձայնելով հարցազրույցի՝ Արմենի մայրը ասաց, որ պաշտոնյաների հավաստիացումները, թե մանկական քաղցկեղի բուժումը անվճար է, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում․ - «Զննելու ընթացքում ժպտերես ասաց՝ գիտեք, չէ՞, այս ամեն ինչը վճարովի է լինելու, քանի որ յոթը արդեն բոլորել է: Ասացի՝ բայց չէ՞ որ բոլոր տեղերը քարոզվում է, որ օնկոհիվանդները սպասարկվում են պետպատվերի շրջանակներում: Ասաց՝ հա, բայց եթե դուք ուզում եք, որպեսզի կոնկրետ ես վիրահատեմ երեխային․․․ դուք հասկանում եք, չէ՞, որ պետք է վճարում կատարվի: Չէ՞ որ մենք գործ ենք անում, անկախ նրանից՝ պետպատվեր է թե ինչ է»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառում են, որ պետպատվերի շրջանակում ոմանք ստիպված վճարում են՝ պնդելով, որ ոչ միայն երեխաները, այլև հաշմանդամություն ունեցող մարդիկ, զինծառայողները, նպաստառուները բուժվում են անվճար: Որոշ դեպքերում կիրառվում է համավճարի սկզբունքը, երբ գումարի մի մասը վճարում է պետությունը, մյուսը՝ հիվանդը:

Մինչդեռ Արմենի մայրը պնդում է, որ ինքը նպաստառու է, պետպատվերի ուղեգիրն էլ՝ ձեռքին, սակայն հիվանդանոցում ստեղծում են այնպիսի պայմաններ, որ չվճարելը պարզապես անհնար է դառնում: Անվճար բուժման համար հսկայական հերթ է, մինչդեռ հիվանդ երեխայի համար ամեն րոպեն կարևոր է․ - «Մեղմ ասած՝ մատերի արանքով են նայում, իրենց բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ փաստաթուղթ ունես ձեռքդ: Նաև, լինելով այդ հիվանդանոցում, կողքից հայացք նետելով մեկ այլ հիվանդի, հիվանդատիրոջ, ես զգում եմ, որ այնտեղ հնարավոր չի դա անել պետպատվերի շրջանակներում․ օդի մեջ խոսքեր են, բայց իրականում դա չի իրականացվում»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը չհերքեց, որ շատերը ստիպված են սպասել անհրաժեշտ վիրահատության իրենց հերթին, քանի որ բյուջեից տրամադրված տարեկան 750 միլիոն դրամը բոլորին չի կարող բավարարել․ - «Գումարը սպառվելու պարագայում հիվանդներին պետք է հերթագրել: Հիվանդը իրավունք ունի կա՛մ լինել հերթի մեջ, կա՛մ հրաժարվել իր պետպատվերի արտոնություններից և վճարովի սկզբունքով սկսել բուժումներ կատարել: 20 հոգին հրաժարվել են հերթում սպասելուց, անցել են վճարովի համակարգ, բայց դրա կողքին 100-150 հոգի ստացել է անվճար: Ֆինանսավորումը ամսեկան երբ որ ավարտված է լինում, արդեն հնարավորություն չկա: Եվ պետք չէ, կարծում եմ, դրանից ստեղծել շատ մեծ խնդիր և բարձրացնել հետևյալ հարցը՝ չէ՞ որ այդ հիվանդները ուռուցքով հիվանդներ են․․․ Մի շարք հիվանդություններ կան, որոնք է՛լ ավելի սրընթաց բնույթ ունեն, և եթե գումարը վերջանում է, ուրեմն այդ հիվանդների հետ կարող է որևիցե վատ բան պատահել: Բայց դուք գիտեք, մեր պետությունը․․․ էսօր մենք պատերազմող երկիր ենք և այդքան հնարավորություններ չունենք»:

«Ուռուցքաբանության բուժումը թանկ է ողջ աշխարհում, և Հայաստանն ի վիճակի չէ ամբողջությամբ ստանձնել դրա ֆինանսավորումը», - նշեց Տանանյանը:

Սեփական գրպանի վրա այս թանկությունն ամեն օր զգում են նաև հիվանդները․ - «Ամենաչնչին, ամենափոքրիկ միջամտությունը՝ 200 հազար և ավելի: Դրանից հետո, բնականաբար, յուրաքանչյուր անգամ, երբ քույրը մոտենում է, պետք է քրոջը «վերաբերմունք ցուցաբերես», պալատի օրավճարը հինգ հազար դրամ է»:

Տանանյանը, սակայն, պնդում է, թե վերջին տարիներին ստվերային շրջանառությունը զգալիորեն կրճատվել է՝ այդուհանդերձ հավելելով, թե օրենքը չի արգելում գումար վերցնել հիվանդից, եթե նա ցանկանում է լավ վերանորոգված սենյակում բուժվել․ - «Եթե հիվանդը արդեն իսկ գումար է վճարում դրամարկղում, այդ հիվանդը չի կարող այլևս հավելյալ որևիցե գումարներ մուծել»:

2015-ին Հայաստանում քաղցկեղի 8438 դեպք է արձանագրվել՝ 250-ով ավելի, քան անցած տարի: Ամեն տարի Հայաստանում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում:

XS
SM
MD
LG