Մատչելիության հղումներ

Խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ի ներկայացուցիչները


ՏԻՄ ընտրությունները Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ընտրատեղամասում: 14-ը փետրվարի, 2016 թ․

ՏԻՄ ընտրությունները Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ընտրատեղամասում: 14-ը փետրվարի, 2016 թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, 6 գյուղերի հետ միավորված Դիլիջանում համայնքի ղեկավար ընտրվեց Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը (ՀՀԿ)՝ միակ մրցակից անկուսակցական Ժորա Սահաբալյանից առաջ անցնելով ավելի քան երկու հազար ձայնով։

Լոռու մարզում Թումանյանի գործող քաղաքապետ, նույնպես ՀՀԿ անդամ Լևոն Զավարյանը անմրցակից պայքարում դարձավ քաղաքի ու դրան միացած 6 գյուղերի ղեկավար։

Սյունիքում միավորվող 8 գյուղերի ղեկավար ընտրվեց Տաթևի ՀՀԿ-ական գյուղապետ Մուրադ Սիմոնյանը՝ առաջ անցնելով անկուսակցական 2 մրցակիցներից։

Սյունիքում և Տավուշում վաղ առավոտից ընտրատեղամասերում կուտակումներ էին։

Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ով ի վերջո ստացավ քվեների 45 տոկոսը, «Ազատության» հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ աջակցել է, որպեսզի Կապանից ընտրողներին հասցնեն Տաթև․ - «Ընդամենը մի ավտուբուս ա եկել իմ խնդրանքով: Մնացածն էլ իրենց սեփական մեքենաներով բոլորը եկել են․․․ Ինչքան հնարավոր ա, ոչ բոլորը: Մարդիկ կան, աշխատանքի են եղել, ցանկացել են, որ գան, բայց հնարավոր չի եղել: Ես իրավունք էլ չունեմ նեղանամ մարդկանցից»:

Հարցին, թե արդյոք ավտոբուսով եկածները պարտավորված չէին զգա քվեարկել այդ ավտոբուսը տրամադրած թեկնածուի օգտին, Սիմոնյանը պատասխանեց․ - «Չէ․․․ իմ մեքենայով չի, իրանք էլ չգիտեն ում մեքենայով ա: Ուղղակի ես խնդրել եմ այդ մարդուն, ընկեր տղա ա, մարդկանց տեղափոխել․․․ Ես սեփական մեքենա չունեմ»:

Սյունիքում և Տավուշում տեղամասեր էին բերում նաև տարեցների, որոնց խոշորացույց տրամադրելու փոխարեն օգնում էին քվեարկել:

Տավուշում վաղ առավոտից կուտակումներ էին։ Թեղուտում, որտեղ ամիսներ առաջ դեմ էին քվեարկել իրենց համայնքի խոշորացմանը, ընտրողների այնպիսի հոսք էր, որ ստիպված փակել էին ընտրատեղամասի դուռն ու հերթով էին ներս թողնում։

Ոստիկաններն ու հանձնաժողովի նախագահ Բենիկ Բաբինյանը միայն լրագրողների դիտարկումից հետո փորձեցին հեռացնել արդեն քվեարկածներին, բայց ապարդյուն՝ մարդիկ շարունակում էին կուտակվել տեղամասի բակում։

Համայնքների խոշորացումից հետո, որը կառավարության որոշմամբ փորձնական կիրառվում է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում, երեկ անցկացված ընտրություններն առաջինն էին:

XS
SM
MD
LG