Մատչելիության հղումներ

Ֆերդինանտ Առաքելյանը Հայաստանի զինանշանը չի ընդունում։

Անվանի քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի բազմաթիվ ստեղծագործություններ վաղուց ի վեր զարդարում են մեր քաղաքը։

Հայտնի արվեստագետը մշտապես աչքի է ընկնում անկեղծությամբ, շիտակ ու սկզբունքային պահվածքով, ոչ միայն իբրև արվեստագետ, այլև իբրև քաղաքացի՝ երբեք չխուսափելով այս կամ այն հրատապ հարցի շուրջ հստակ իր դիրքորոշումն արտահայտել: Օրինակ, նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ նա «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ես դեմ եմ եղել «այո»-ին էլ, «ոչ»-ին էլ։ Այսօր այս որակի պետությունը պետք է ունենա բռունցք նախագահական, մեկը պետք է հրամայի»:

Քանդակագործը, սակայն, բոլորովին դեմ չէ և բազմիցս իր փաստարկներն է հայտնել Հայաստանի պետական զինանշանի փոփոխման անհրաժեշտության մասին։ «Պետք է փոխվի։ Գերբը ես չեմ ընդունում։ Դա մեկ ժամում է նկարված, հետո հայոց պատմության մեջ չկա էդպիսի դեպք, դա Սկանդինավյան երկրներին է, Բրիտանիային է բնորոշ, որ պապերից պապ գալիս է, նրանց գերբի մեջ է թագուհին... չէ, մենք այդպիսի ժողովուրդ չենք, մենք պետք է ունենանք հստակ, պինդ գերբ, գաղափարախոսությունը հայրենիքի, հայոց պետականության գերբ։ Թե չէ այս ինչ է՝ առյուծը մի կողմն է, արծիվը մի կողմն է, ութ հատ գազան կա այնտեղ։ Դա գազանանոցի համար է Կոջոյանը երևի արել, հետո ժամանակը կարճ է եղել՝ տվել է սրանց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆերդինանտ Առաքելյանը։

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է գերբի իր օրինակը ներկայացնել, Առաքելյանը պատասխանեց. - «Չէ, նկար չեմ արել, որովհետև նկարիչները շատ են՝ թող անեն»։

Քանդակագործի համոզմամբ, լավագույնը, իհարկե, կլիներ Մարտիրոս Սարյանի զինանշանի տարբերակը վերականգնելը. - «Ես համաձայն եմ Սարյանին, ու գտել եմ ձևն էլ՝ աստղի տեղը մի հատ խաչ կամ ընդհանրապես ոչ մի բան, ու տակն էլ գրվում է ոչ թե «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք», այլ Եղիշե Չարենցի հանրահայտ տողերը՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

XS
SM
MD
LG