Մատչելիության հղումներ

Օբաման կոչ է արել Պուտինին դադարեցնել Սիրիայի չափավոր ընդդիմության ռմբակոծումները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինը Սիրիայում միասնական հակաահաբեկչական դաշտ ստեղծելու կոչ է արել։ Ըստ նույն աղբյուրի, երկու կողմերն էլ պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը Սիրիայի աջակցության խմբի հետ՝ Մյունխենում ձեռք բերված համաձայնության իրագործման համար։ Կրեմլը նաև նշել է, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցն անկեղծ ու գործնական բնույթ է կրել։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Օբաման կոչ է արել Պուտինին դադարեցնել Սիրիայի չափավոր ընդդիմության ռմբակոծումները։

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությունը, հաղորդում է, որ խոսելով ուկրաինական խնդրից, Օբաման ընդգծել է, որ ռուսամետ անջատողական ուժերը Ուկրաինայի արևելքում պետք է կատարեն Մինսկի համաձայնագրերը։

Մյունխենում, հիշեցնենք, փետրվարի 12-ի գիշերը միջազգային լիդերները համաձայնության են եկել մեկ շաբաթվա ընթացքում հասնել զինադադարի Ասադի աջակցող ուժերի և նրա ընդդիմադիրների միջև՝ բացառությամբ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների։

Սիրիայում, սակայն, այսօր էլ հանգիստ չէ։ Սիրիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ թուրքական ռազմական ուժերը հատել են թուրք-սիրիական սահմանը, այն բանից հետո, որ թուրքերը Հալեպի հյուսիսում քրդական դիրքերն են ռմբակոծում, նրանք անցել են նաև ցամաքային գործողությունների․ խոսքը Հալեպի հյուսիսային շրջան մտած հարյուր զինվորների և ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ 12 մարտական մեքենայի մասին է։

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարությունը դիմել էր ՄԱԿ-ին՝ երկրի տարածքը Թուրքիայի կողմից ռմբակոծելու կապակցությամբ, և կոչ էր արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել Անկարայի դեմ։

Երեկ հրապարակվել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցը Euronews-ի հետ։ Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը չի աջակցում անձամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, պարզապես, Կրեմլի պատկերացմամբ, այսօր Ասադն է միայն օրինական իշխանություն Սիրիայում։ «Մենք երբեք չենք ասել, որ Սիրիայում մեր մասնակցության հիմնական գործոնը Ասադն է։ Պարզապես այսօր Ասադից բացի այլ օրինական իշխանություն Սիրիայում չկա», - ասել է Մեդվեդևը։

Euronews- հետ զրույցում Ռուսաստանի վարչապետը նաև ավելորդ է համարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունը, որ եթե Ռուսաստանն ու Իրանը չօգնեն, Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները կսկսեն ցամաքային գործողություններ Սիրիայում։ «Եթե սկսվեն այդ ցամաքային գործողությունները, սա նշանակում է, որ Սիրիայում կունենանք երկարաժամկետ պատերազմ», - հայտարարել է Մեդվեդևը։

XS
SM
MD
LG