Մատչելիության հղումներ

Բաքուն ամեն ինչ անում է կարգավորման գործընթացը խաթարելու համար․ Նալբանդյան


Էդվարդ Նալբանդյանը, արխիվ
Էդվարդ Նալբանդյանը, արխիվ

Հայկական պատվիրակությունը երեկ ուշ երեկոյան ավարտել է մասնակցությունը Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հաղորդում է, որ կոնֆերանսի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 10 հանդիպում է ունեցել գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, երեկ համանախագահների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է.

«Արհամարհելով միջազգային հանրության հասցեական կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերը, հրաժարվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, փորձեր ձեռնարկել տեղափոխելու հիմնահարցի կարգավորման քննարկումներն այլ ձևաչափեր, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի քննադատությունը»։

«Այս ամենը վկայում է, որ Բաքուն անում է ամեն ինչ՝ խաթարելու համար կարգավորման գործընթացը։ Ավելին՝ ադրբեջանական կողմի այդ գործողությունները, ինչպես նաև համանախագահների հետ հանդիպումից հրապարակային հրաժարումը նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը, ինչին մշտապես դեմ են հանդես գալիս համանախագահ երկրները և Հայաստանը»։

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG