Մատչելիության հղումներ

Օբաման և Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի խնդիրները


Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները հաղթահարելու ուղիները: Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել դիվանագիտական համատեղ ջանքերը Սիրիայի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, որի շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել շաբաթվա սկզբին Մյունխենում կայացած Սիրիայի աջակցության խմբի հանդիպմանը:

Ըստ Կրեմլի հաղորդագրության, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցում Վլադիմիր Պուտինն ասել է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ անհրաժեշտ է միջազգային միացյալ ճակատ ձևավորել: Նա նաև ասել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների և մյուս ահաբեկչական խմբերի դեմ հաջողությամբ պայքարելու համար Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինվորական պաշտոնյաների միջև սերտ շփումներ են անհրաժեշտ:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար Ուկրաինայի իշխանությունները գործնական քայլեր կկատարեն՝ լիարժեքորեն իրականացնելու համար Մինսկի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները: Փետրվարի 13-ին Մյունխենում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, իր հերթին, ասել էր, թե Մոսկվան չի իրականացնում Մինսկի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ զորքերը դուրս չի բերում Ուկրաինայից և Կիևին չի հանձնում սահմանների վերահսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG