Մատչելիության հղումներ

Հայաստան են ժամանում հինգ Նոբելյան դափնեկիրներ


Նոբելյան մրցանակի դափնեկիր Դան Շեխտման
Նոբելյան մրցանակի դափնեկիր Դան Շեխտման

Ապրիլին Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միաժամանակ հինգ Նոբելյան մրցանակակիրների, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով բաց դասախոսություններ կկարդան:

Առաջին անգամ տարածաշրջանում անցկացվող այս միջոցառումը նախաձեռնել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: «Ազատության» հետ զրույցում վերջինս խոսոտվանեց՝ ոչ թե Հայաստանում գիտության ոլորտում արձանագրված հաջողություններն են գրավել պատվավոր մրցանակի դափնեկիրներին, այլ հեղինակություն վայելող հայ գիտնականների հետ նրանց անձնական կապերը: «Մեր ֆիզիկոսներն են հայտնի, դա փաստ է: Անկեղծ լինենք՝ մենք համակարգային տեսանկյունից այնքան էլ մրցունակ չենք համաշխարհային գիտության մեջ, ես չեմ կարող ասել, որ նրանք գալիս են կոնկրետ գիտական արդյունքի համար»,- ասում է Ենկոյանը:

Երևան ժամանող հինգ աշխարհահռչակ գիտնականներից երեքը իսրայելցի են: Հայաստանի նման փոքր տարածք և սահմանափակ բնական պաշարներ ունեցող Իսրայելը գիտական տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներով աշխարհի առաջատար երկրներից է: Կենսաբան Աարոն Չեհանովերը առաջին գիտնականն էր, որ Նոբելյան մրցանակը հայրենիք տարավ: Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիրը ևս Իսրայելից է` քիմիկոս Ադա Յոնաթը: Հինգ տարի առաջ էլ այս պատվավոր մրցանակին արժանացավ իսրայելցի Դան Շեխտմանը, ում բացահայտած կիսաբյուրեղային նյութերը ապագայում կարող են լայն տարածում ունենալ բազմաթիվ ոլորտներում` սկսած կերպարվեստից մինչև խոհարարական սարքավորումների արտադրությունը:

Ապրիլի 11-16-ը կայանալիք Նոբելյան օրերին իսրայելցի գիտնականներից բացի կմասնակցեն նաև ավստրալացի Ռոբին Ուորենը և ճապոնացի Էյիթի Նեգիսին` ներկայացնելով իրենց հայտնագործություններն ու ձեռքբերումները: «Պետք է փոխվի որոշակի մենթալիտետ, հասկանան, որ գիտությունը դա պարզապես թեկնածուական կամ դոկտորական թեզի պաշտպանություն չէ, որը շատ անգամ անում են կարիերայի աճի համար: Ինքը պետք է տեսնի, թե ինչ է ռեալ գիտնականը, ինքը նաև պետք է տեսնի, թե ռեալ գիտնականն ինչի կարող է հասնել, մենք պետք է ոգեշնչվենք և դրա հիման վրա ստեղծենք նորը, մնայունը․․․ և՛ ձևի, և՛ բովանդակության մեջ, որովհետև էդ մարդիկ և՛ իրենց ձևի մեջ կան, և՛ բովանդակության»,- շարունակեց Ենկոյանը:

Արևմտյան գիտական կենտրոններում տեսնելով գործընկերների աշխատանքը` երիտասարդ պրոռեկտորը ցավով նշում է, որ Հայաստանում գիտությամբ զբաղվող մարդիկ համապատասխան գնահատականի չեն արժանանում․ գործարարները պատրաստ չեն մեծ գումարներ ծախսել փորձարկումների և գիտության զարգացման համար, պետության աջակցությունն էլ սուղ է: Մինչդեռ փորձը հաճախ է ցույց տալիս՝ «միայն մտքի թռիչքը քիչ է, որ գիտական աշխարհը քեզ ճանաչի»: Գիտությունը ֆինանսներ է պահանջում, իսկ արդյունքներ ունենալու համար ոչ թե խորհրդանշական, այլ շոշափելի գումարներ են պետք, վստահեցնում է պրոռեկտորը:

Արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները և ի՞նչ ջանքերի գնով, ինչպե՞ս իրականացնել երազանքները կես դարում ու տեսական գիտությունից անցում կատարել դեպի ժամանակակից բժշկության զարգացում: Ահա այս թեմաներով հանրահայտ գիտնականները հինգ օր շարունակ դասախոսություններ կկարդան և քննարկումներ կանցկացնեն, որոնք հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար: Մինչև փետրվարի վերջը մասնակիցների գրանցումն անվճար է:

Բժշկական համալսարանում մեզ հանդիպած ուսանողներից մի քանիսն արդեն հասցրել էին ծանոթանալ հյուրերի կենսագրությանը` արձանագրելով. նրանք էլ են ժամանակին փորձերը սկսել փոքրիկ լաբորատորիաներում, իսկ հետագայում փոխել են աշխարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG