Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխություններից գաղափարապես ոգևորված հերթական ընտրակեղծարարը՝ Գևորգ Խաչատրյանն այսօր դատարանում արժանացավ հնարավոր ամենամեղմ պատժին՝ տուգանվելով 500 հազար դրամ։

Պետության ներկայացուցիչ դատախազը, չառարկելով արագացված դատավարությանը, ըստ էության այդպես էլ անհայտ թողեց, թե արդյոք ինչ-որ մեկի պատվերով կամ հրահանգով է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողը կրկնակի քվեարկության փորձ կատարել։

Դատախազը առաջարկել էր մի փոքր ավելի մեծ տուգանք՝ 600 հազար դրամ, ինչը դուր չեկավ Խաչատրյանի փաստաբանին։ Ժաննա Կոտիկյանը, ով փաստաբանական ծառայությունից առաջ երկար տարիներ աշխատել է դատախազ ու դատավոր, նշեց, թե իր պաշտպանյալի կատարած միջին ծանրության հանցագործության մեջ «դրական ու գովելի շատ բաներ կան»․ - «Ուրախացնում է այն իմաստով, որ մեր երիտասարդությունը հանուն նպատակի այսօր անգամ պատրաստ է ինչ-որ մի տեղ գնալ օրենքով չթույլատրվող արարքների․․․ Ձգտումը երևում է մեր երիտասարդության մեջ մեր երկրի ապագայի և երկրի կենսամակարդակը բարձրացնելու, ժողովրդի վիճակը բարելավելու հետ կապված ամեն մի քայլի իր մասնակցությունը ունենալ և աջակցել՝ եթե իր տեսակետով դա համարում է ճիշտ»:

19-ամյա երիտասարդի արարքից ոգևորված փաստաբանը, որպես մեղմացնող հանգամանք միջնորդեց հաշվի առնել նաև այն փաստը, որ հանուն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների կեղծիքի գնացած Խաչատրյանը ապրում է գործազուրկ մոր հետ՝ պապ ու տատի թոշակով։

Կրկնակի քվեարկության մեկ այլ փաստով այսօր Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում սկսվեց թիվ 104 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անահիտ Աթայանի դատավարությունը։

«Ես խնդրում եմ իմ նկատմամբ չկիրառել ազատազրկման հետ կապված պատիժ», - դատարանին դիմեց նա:

Պահանջելով կիրառել արագացված դատավարություն, ընտրակեղծիքի գնացած ուսուցիչը միջնորդեց արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։

Արագացված դատավարության անցնելու որոշումը կայացվեց նիստի ընթացքում, սակայն պարզվեց, որ դատաքննության գրեթե բոլոր մասնակիցները դրան պատրաստ էին: Նախ դատախազը թղթապանակից հանեց ու ընթերցեց դատավարության հենց այդ տեսակին համապատասխանող մեղադրական ճառը։

Ուսուցչուհու փաստաբանին պաշտպանական ճառի համար նույնպես լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ չէր․ նախապես տպագրված թերթիկից ընթերցեց ճառը՝ կրկին արագացված դատավարության կարգին համապատասխան։

Դատարանի վճիռը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի։ Ի դեպ, նիստից հետո թիվ 104 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին մինչև նկարահանող խմբի հեռանալը դուրս չեկավ դահլիճից։

XS
SM
MD
LG