Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն իրականացնել «լայն փոխհամաձայնությամբ»


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն իրականացնել «լայն փոխհամաձայնությամբ», «համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ»:

«Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսին են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը», - նշում է ԵՄ պատվիրակությունը:

Պատվիրակությունը միաժամանակ ողջունում է նախորդ շաբաթ հրապարակված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը՝ կարևորելով դիտարկումներն ու հանձնարարականները, ինչպես նաև նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք «հաշվի չեն առնվել»․ - «Հարկ է բարելավել ընտրացուցակների ճշգրտությունը և հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից։ Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը»:

ԵՄ պատվիրակությունը նաև հայտարարում է․ - «Հարկ է վերանայել բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ։ Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, ինչպես նաև այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը»:

Հայտարարության վերջում պատվիրակությունը հավաստում է, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների գործընթացներում:

Օրեր առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կոչ էր արել իշխանություններին լրջորեն ընդունել միջազգային դիտորդների հանձնարարականներն ու «կատարել տնային աշխատանքը»:

«ԺՀՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե ինչպես որոշ քվեներ զրոյացվեցին՝ դեմ գնալով նորմալ ընթացակարգին: Այսինքն, մի բան իսկապես սխալ է, որ անգամ դիտորդների ներկայությամբ չի կանխվել արատավոր պրակտիկան: Առանց այս թերությունները հաղթահարելու, միշտ լինելու է կասկածի մթնոլորտ, վստահության պակաս: Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ տուժելու է», - ասել է Սվիտալսկին:

XS
SM
MD
LG