Մատչելիության հղումներ

Այսօր Կուտոյանին ներկայացնելով ԱԱԾ ղեկավարությանը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ տնօրենը պատվով կկատարի պատասխանատու պարտականությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 34-ամյա Գեորգի Կուտոյանն այսօր նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Այսօր Կուտոյանին ներկայացնելով ԱԱԾ ղեկավարությանը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ տնօրենը իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին արդեն նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի աջակցությամբ, պատվով կկատարի պատասխանատու պարտականությունը:

«Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ, և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ», - նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, մինչև 2018 թվականը «տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում»․ - «Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում», - ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Գեորգի Կուտոյան նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ - «Պարո՛ն Նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»:

Ազգային անվտանգության ծառայության, թերևս, ամենաերիտասարդ տնօրենը, ըստ նախագահականի հաղորդագրության, կրթություն է ստացել Ռուսաստանի Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Կուտոյանը չի ծառայել Հայաստանի զինված ուժերում, փոխարենը նշվում է, որ 1998-2000 թթ. զինվորական ուսուցում է անցել Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է՝ դասավանդելով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում և Գիտությունների ազգային ակադեմիայում: Այնուհետև՝ զուգահեռաբար, 2005-2006 թթ. աշխատել է գլխավոր դատախազությունում, որից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-ից մինչև այս տարվա փետրվարի սկիզբը Հայաստանի նախագահի օգնականն էր իրավական հարցերով, և փետրվարի 3-ին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ, ուր նա հասցրեց աշխատել շուրջ մեկ շաբաթ:

Կուտոյանը Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Մոտ 12 տարի ԱԱԾ-ը ղեկավարած Գորիկ Հակոբյանը, ով նախագահի հրամանագրով այսօր ավելի վաղ ազատվել էր տնօրենի պաշտոնից և նշանակվել նախագահի խորհրդական, այսօր Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:

XS
SM
MD
LG