Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին:

Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան: Խոսելով Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է.- «Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ»։

Իր խոսքում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական փոփոխություններին՝ երկրի համար շրջադարձային իրադարձություն համարելով դա։

«Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո»,- ասել է Սերժ Սարգսյանը։

«Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։ Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ»,- նաև ասել է նախագահ Սարգսյանը։

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG