Մատչելիության հղումներ

logo-print

Հանձնաժողովը օմբուդսմենի թեկնածու ընտրեց Արման Թաթոյանին


Արման Թաթոյան

Արման Թաթոյան

Ինչպես մի քանի օր առաջ, այսօր էլ արդարադատության փոխնախարար Թաթոյանը համոզմունք հայտնեց, թե կարող է անկաշկանդ լինել։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն օմբուդսմենի թեկնածու ընտրեց արդարադատության 34-ամյա փոխնախարար Արման Թաթոյանին։ Նրա թեկնածությունն առաջարկել է Հանրապետական խմբակցությունը։

Արման Թաթոյանի օգտին քվեարկեցին 7, Զարուհի Փոստանջյանի՝ 5, Նարեկ Ալոյանի՝ 2 հանձնաժողովականներ։

Իշխանական պատգամավորներին իր կողմ քվեարկությամբ միացավ նաև դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Նա, ի դեպ, կողմ էր բոլոր երեք թեկնածուներին։ Քննարկմանն, ինչպես նաև քվեարկությանը չմասնակցեց ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը։

Մինչև քվեարկությունը Արծվիկ Մինասյանն ու Զարուհի Փոստանջյանը լեզվակռվի բռնվեցին։ Փոստանջյանն ասաց՝ Գագիկ Ջհանգիրյանը, չմասնակցելով քվեարկությանը, աջակցեց իշխանության թեկնածուին. - «Գոնե Դուք կողմ մի քվեարկեք այդ թեկնածուին»,- Արծվիկ Մինասյանին դիմեց նա։ (Ըստ Փոստանջյանի թեկնածությունը ներկայացրած Էդմոն Մարուքյանի` եթե թեկնածուների օգտին հավասար ձայներ գրանցվեին, թե՛ Փոստանջյանի, թե՛ Թաթոյանի թեկնածությունն էր քննարկվելու խորհրդարանի դահլիճում)։

«Առաջին դեպքը չէ, երբ տիկին Փոստանջյանը ակնհայտորեն կաղում է պարզ թվաբանությունից։ Երկրորդ՝ առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժեվորելով ստանում ես պատասխան՝ վիրավորանքի։ Ես չեմ պատրաստվում, տիկի՛ն Փոստանջյան, Ձեր արտահայտած միտքը վերադարձնեմ Ձեզ նույն ձևով»,- Փոստանջյանին արձագանքեց Արծվիկ Մինասյանը։

«Շարունակե՛ք իշխանություններին ծառայություն մատուցել»,- Մինասյանին ասաց Փոստանջյանը։ «Ծառայություն մատուցողը դո՛ւ ես, ա՛յ աղջի, հերի՛ք ա»,- հայտարարեց Մինասյանը։

Ավելի քան 4 ժամ տևած քննարկումների մեծ մասը թեկնածուներից երկուսին՝ Արման Թաթոյանին և Զարուհի Փոստանջյանին նվիրվեց։ Թեկնածուներից Փոստանջյանը միակն էր, ով հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան։ Հարցը Թաթոյանին էլ ուղղվեց։

«Որպեսզի կոնկրետ հարցով ես կարողանամ դիրքորոշում հայտնել, թե այս սկզբունքների կիրառությամբ կոնկրետ դեպքում անձինք կարող ենք կոչել քաղաքական բանտարկյալ, թե՝ ոչ, այս պահին և ընդհանրապես չեմ կարող անել, որովհետև չեմ տիրապետում գործի հանգամանքներին»,- պատասխանեց Թաթոյանը։

Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Թաթոյանն իշխանությունների փաստաբանն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նաև հարց ուներ մրցակցին.- «Դուք կարո՞ղ եք նշել գեթ մի դեպք՝ որպես ՀՀ քաղաքացի, որտեղ հանդես եք եկել հրապարակային հայտարարությամբ՝ դատապարտելով մարդու իրավունքների զանգվածային խախտումները Հայաստանում։ ՀՀ-ում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ՝ մարտի 1-ի զոհերը, դրանից հետո նաև ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի գտնվեցին բանտախցում, և նրանց գործերը արդեն իսկ ՄԻԵԴ-ում են, հավանաբար Դուք էլ այնտեղ այս ապօրինություն կատարողների իրավունքներն եք ներկայացնում, պատասխանում եք ՀՀ անունից ՄԻԵԴ-ին»։

«Իմ հրապարակային դիրքորոշումները բազմաթիվ են»,- պատասխանեց Թաթոյանը.- «Երբ ես խոշտանգումների կանխարգելման ոլորտի բարեփոխումների փաթեթն էի ներկայացնում, երբ ձերբակալվածների իրավունքների կատարելագործման մեխանիզմներն էի ներկայացնում և այլն. դրանց հիմնավորումները ամբողջությամբ քննադատություն են։ Հակառակ դեպքում ինչպե՞ս են կարողացել բարեփոխում անել։ ԱԺ-ի ամբիոնից իմ ելույթները և վերջապես բազմաթիվ հրապարակային աշխատությունների հեղինակ եմ, որոնք տպագրված են Ձեր ասած բոլոր գիտական հանդեսներում, ամսագրերում։ Ամբողջը կա, կարող եմ բոլորը տրամադրել»։

Չնայած ՀԱԿ-ը որոշում ուներ չմասնակցել ՄԻՊ-ի թեկնածության քննարկումներին, այնուհանդերձ, ինչպես նշեց Գագիկ Ջհանգիրյանը, հանուն արդարության որոշեց անդրադառնալ Թաթոյանի առնչությանը մարտի 1-ի գործին։

«Արման Թաթոյանը բացասական առումով որևէ առնչություն չի ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ, այդ թվում նաև ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացրած առարկությունների հետ։ Դա արել է բոլորովին այլ փոխնախարար, որը հիմա փոխնախարար չէ, մեկ ուրիշ տեղ է աշխատում։ Ես չեմ էլ ուզում անունը տալ էդ ընկերոջ»,- հայտարարեց Ջհանգիրյանը։

Թեկնածուներին նախ ներկայացնում էին առաջադրողները։ Էդմոն Մարուքյանը Զարուհի Փոստանջյանին բնութագրեց որպես «խիզախ կին»։ Անուններ չտալով՝ Փոստանջյանը հայտարարեց, թե առաջադրման որոշումը ստիպված է կայացրել. որոշ իրավապաշտպաններ հրաժարվել են առաջադրվել որպես ՄԻՊ-ի թեկնածու։ «Դա էր պատճառը. թույլ չտանք, որպեսզի այլընտրանք չլինի»,- մանրամասնեց նա։

Հանրապետականի թեկնածուին ներկայացրեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Պնդեց, թե աչքի է ընկել քաղաքական զսպվածությամբ՝ ի տարբերություն Փոստանջյանի։

«Բավականին լուրջ անձնավորություն է։ Քաղաքական առումով որևիցե մի կերպ չի եղել և չկա՝ որպես ակտիվ քաղաքական գործընթացներում դրսևորվող անձ։ Իր աշխատանքի ընթացքում բացառապես առաջնորդվել է մասնագիտական չափանիշներով»,- ասաց Սահակյանը։

Տիգրան Ուրիխանյանի առաջադրած թեկնածու Նարեկ Ալոյանը հիմնականում սոցիալական խնդիրները շեշտադրեց։ «Մարդու իրավունքների խախտումները ամենուր են, դրանք տեսնելու համար անհրաժեշտ չէ ինչ-որ մեծ կենսափորձ, ինչ-որ գիտելիքներ, անհրաժեշտ է սիրել ժողովրդին, անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտում ներդնել նոր մենեջմենթ՝ լուծումները կյանքի կոչելու համար»,- ասաց նա։

Թաթոյանի թեկնածությունը խորհրդարանում կքննարկվի ամենայն հավանականությամբ հաջորդ քառօրյայի ընթացքում։ Ընտրության համար անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն։

XS
SM
MD
LG