Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղում է


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի
Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը և Թևան Պողոսյանը:

Աշխատանքային այցի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և պատվիրակության անդամները Ղարաբաղի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր: Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել ազատամարտիկների շիրմաքարերին:

Այնուհետև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Սահակյանն ընդգծել է, որ վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև և այդ համատեքստում կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եղել և մնում է Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ խորհրդարանականները մշտապես ձգտում են միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել Ղարաբաղյան հիմնահարցը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:

Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ղարաբաղի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի նախագահի ներդրումն այդ գործում: Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանն օրենսդրական գործունեության մեջ, փոխայցերին, միջխորհրդարանական հարաբերություններին և բյուջետային ծրագրերին:

Հայաստանի և Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG