Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացրել


Ալեքսեյ Նավալնի
Ալեքսեյ Նավալնի

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դատի է տվել պաշտոնը չարաշահելու համար։

Կոռուպցիայի դեմ պայքարող ընդդիմադիր գործիչը Պուտինին մեղադրում է իր փեսային մեկուկես միլիարդ դոլար տրամադրելու մեջ և սա որակում է որպես պաշտոնի չարաշահում։

«Համոզված եմ՝ հաղթելու եմ», - իր բլոգում գրել է Պուտինի կոշտ ընդդիմախոսն ու վարչական հայց ներկայացրել դատարան Պուտինի դեմ։

Նավալնին հիշեցրել է մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնցում նշվում է, որ Պուտինի երկու դուստրերից մեկը Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Կատերինա Տիխոնովան է, ով ամուսնացած է գործարար Կիրիլ Շամալովի հետ։

Նավալնին ընդգծում է, որ Տիխոնովայի հետ ամուսնանալուց հետո Շամալովը պայմանավորվել է իշխանությունների հետ «Սիբուր» ընկերության բաժնետոմսերը գնելու շուրջ։ Նավալնու պնդմամբ, Պուտինն անձամբ մի փաստաթուղթ է ստորագրել, որով այդ ընկերությանը Ազգային բարեկեցության հիմնադրամից հատկացվել է գրեթե 2 միլիարդ դոլար։

Պուտինը, բացատրում է Նավալնին, որպես նախագահ դրա իրավունքն ուներ՝ այս կամ այն ընկերությանը որոշակի գումար հատկացնելու, սակայն տեղի է ունեցել շահերի բախում, որի մասին Պուտինը, Ռուսաստանի օրենքների համաձայն, պետք է հայտներ։

Իր բլոգում Նավալնին գրում է.- «Եթե դուք նույնիսկ Պուտինի երկրպագուն եք, դժվար թե պնդեց, որ նա իր բարեկամներին մի միլիարդները բաժանելու իրավունք ունի»։

Մինչդեռ ռուս լրագրողները նկատում են՝ չկան ապացույցներ, որ Կիրիլ Շամալովը Պուտինի փեսան է, այսինքն որ Կատերինա Տիխոնովան Պուտինի դուստրն է։

Կիրիլ Շամալովը տխրահռչակ «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիր Նիկոլայ Շամալովի որդին է և «Սիբուր» ընկերությունների խմբի փոխնախագահ է դարձել 26 տարեկանում։ Ավելի վաղ նրա և Պուտինի դստեր ամուսնությունը հայտնի էր դարձել մամուլին։ Շամալովը այն ժամանակ հրաժարվել էր մեկնաբանություններից։

«Օզերո» կոոպերատիվը 1996 թվականին հիմնել են Վլադիմիր Պուտինը և նրա յոթ ընկերները, որոնց թվում են այսօր միլիարդատեր Յուրի Կովալչուկը, կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոն, «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել, որ Պուտինը տեղյակ չէ Նավալնու հայցից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG