Մատչելիության հղումներ

Փաստաբան. Եթե մերժվի միջնորդությունը, դա կհաստատի, որ Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է


Գևորգ Սաֆարյան, արխիվ

Գևորգ Սաֆարյան, արխիվ

Դատարանն այսօր կքննի Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ:

«Միջնորդությունը շատ հիմնավոր է, որովհետև գրավ կիրառելու մասին ոչ միայն մենք, ոչ միայն մեր օրենսդրությունը, նաև միջազգային Human Rights Watch կազմակերպությունն էր դիմել հենց գլխավոր դատախազին, որ այս դեպքում անպայման պետք է գրավ կիրառվի։ Կազմակերպությունը նշել էր հենց միջազգային իրավական նորմերը, որոնք պարտադրում են այս պարագայում գրավ կիրառել։ Մեր կարծիքով, ավելի լավ հիմնավորել, քան միջազգային կազմակերպությունն է, հնարավոր չէ, որվհետև ես՝ լնելով պաշտպան, դատարանը կարող է իմ փաստարկներն ինչ-որ առումով համարել կողմնակալ։ Պետք է, որ դատարանը գրավ կիրառի», - ասաց Հայրապետյանը։

Փաստաբանի համոզմամբ, եթե այսօր դատարանը մերժի միջնորդությունը, դա կհաստատի, որ «Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է»։ «Եթե դատարանը գրավ չկիրառի, սա նշանակում է, որ Գևորգ Սաֆարյանին, ըստ էության, ոչ թե կալանավորել են, որպեսզի նա չխոչընդոտի նախաքննության ընթացքին, այլ նրան ուղղակի կալանավորել են, որպեսզի դադարեցվի նրա գործունեությունը։ Կհաստատվի, որ նա իրականում քաղաքական բանտարկյալ է», - ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով. - «Սա կնշանակի, որ Գևորգ Սաֆարյանին ազատության մեջ թողնելու թույլտվություն չկա»։

Փաստաբանի փոխանցմամբ, դատարանը չի նշել, որ Գևորգ Սաֆարյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքը և որ Սաֆարյանը կարող է նորից հանցագործություն կատարել։ «Հետևությունը, որ Գևորգ Սաֆարյանը նորից հանցագործություն կկատարի, նախատեսված չէ մեր Սահմանադրությամբ։ Ծիծաղելի է, որ որևիցե մարմին կարող է կանխատեսել, որ անձը կարող է նորից հանցագործություն կատարել։ Էսպիսի հիմնավորում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ չկա նաև չկա միջազգային պայմանագրերում», - ասաց Հայրապետյանը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, անազատության մեջ է Ամանորի գիշերվանից՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Դատարանը ընդդիմադիր ակտիվիստին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Վերաքննիչ ատյանն ուժի մեջ էր թողել որոշումը:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր Human Rights Watch-ը հորդորել էին Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին։ «Հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը՝ երկու ամսվա կալանքը բոլորովին արդարացված չէ», - ասել էր Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան։

XS
SM
MD
LG